Վախճանվել է գրաքննադատ, արձակագիր, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 81 տարեկան հասակում կյանքից հեռացել է գրաքննադատ, արձակագիր, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը:

Անգնահատելի է նրա ավանդը հայ գրականության նորագույն շրջանի զարգացման, վաթսունականների գրական սերնդի զարթոնքի գործում: Այդ տարիներին նա օգնեց մի կողմ տանել Խորհրդային Միության երկաթե վարագույրները՝ երևան բերելով նոր տեքստի հեղինակների, նոր մանիֆեստի կոչնակների:

Այդ սերունդն այսօր սիրված և ճանաչված է ոչ միայն գրական շրջանակներում, այլև հասարակության լայն շերտերում: Մեծ է Ա․ Թոփչյանի ներդրումը նաև կինոաշխարհում և թարգմանության ասպարեզում։ Նրա շուրջ ութ տասնյակ թարգմանությունների շնորհիվ հայ ընթերցողը ճանաչել է Ժորժ Ռոդենբախի, Շառլ-Ֆերդինանդ Ռամյուզի, Շառլ դը Կոստերի, Մորիս Մետեռլինկի, Դենի դը Ռուժմոնի, Ֆրանսուազ Սագանի և այլոց, ինչպես նաև հայազգի օտարագիր հեղինակների՝ Վահե Քաչայի, Ժան-Բատիստ Բարոնյանի, Վահե Գոդելի, Վազգեն Շուշանյանի, Զահրատի, Զարեհ Խրախունու գրականությանը: Ա․ Թոփչյանի ստեղծագործական գործունեության վերջին պտուղներից մեկը՝ «Բանկ Օտոման» վեպը, ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ արտերկրում հրատարակվել է մի քանի լեզուներով:

Նախարարության դրամաշնորհով ստեղծվել և վերջերս լույս են տեսել նրա «Որոգայթ» վեպը և Ժորժ Ռոդենբախի «Մշուշների ճախարակը» ստեղծագործական ժողովածուն՝ ֆրանսերենից թարգմանությամբ:Ա․ Թոփչյանը Ֆրանսիայի կառավարության կողմից արժանացել է «Արվեստների և գրականության սպայի շքանշան»-ի:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցում է Ալեքսանդր Թոփչյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և նրա գրականության հավատավորներին: