«Ֆիզգորոդոկ»-ում շինարարության շուրջ առաջացած խնդրի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ

«Ֆիզգորոդոկ»-ում շինարարության իրականացման շուրջ առաջացած խնդրի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ: 

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ քրեական գործը 2021թ. օգոստոսի 30-ին հարուցվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում՝ մի քանի անձանց ներկայացրած հաղորդման հիման վրա Ոստիկանության Մաշտոցի բաժնում նախապատրաստված նյութերով:

«Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին և արդեն իսկ նախաքննությունն սկսվել է:

Դատախազությունը կապահովի գործով հետևողական և պատշաճ դատավարական հսկողություն՝ օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն իրականացնելու, դրա շրջանակներում բոլոր հանգամանքները բացահայտելու և իրավական գնահատականներ տալու նպատակով»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Աբրահամյանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածն ունի հետևյալ սահմանումը. 

«Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով»: 

308-րդ հոդվածի երկրորդ մասը՝ հետևյալ սահմանումը. 

«Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»: