Աննա Դանիբեկյանը դատական սանկցիա կիրառեց Արմեն Գևորգյանի պաշտպանի նկատմամբ

Hearings of the RA Second President Robert Kocharyan’s and Armen Gevorgyan case took place at the Court of General Jurisdiction of Shengavit Administrative District

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այս պահին շարունակվում է ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։ Նախկին փախվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նիստի ժամանակ պարզաբանեց, թե ինչու է նախորդ դատական նիստին առանց դատարանի թույլտվության լքել դահլիճը։

Այդ մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից։

Նրա խոսքով, դատավորը սահմանափակում է իր՝ պաշտպանի լիազորությունները։ Օգոստոսի 24-ի նիստին Ալեքսանյանը պատրաստվում էր դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել, որը պատրաստելու և գրավոր ներկայացնելու համար պաշտպանին ժամանակ էր անհրաժեշտ։ Մինչդեռ դատավոր Դանիբեկյանը որոշել էր շարունակել նիստը։

«Նախորդ դատական նիստի ժամանակ իմ կողմից նիստերի դահլիճը լքելը չի կարող մեկնաբանվել որպես ոչ պատշաճ վարքագծի դրսևորում։ Իմ գործողություններն ուղղված են եղել ի հակադրում Ձեր ոչ իրավաչափ գործողություններին, որը Արմեն Գևորգյանի արդար դատաքննության իրավունքի խախտումն է», – նշեց Ալեքսանյանը։ Պաշտպանը նաև անհամաձայնություն հայտնեց իր նկատմամբ դատարանի հետագա ենթադրվելիք գործողությունների և ակնկալվող որոշման դեմ։

Դատարանը, լսելով Ալեքսանյանին, արձանագրեց, որ «օգոստոսի 24-ին նա, առանց դատարանի թույլտվության, լքել է նիստերի դահլիճը, ինչով խոչընդոտել է նիստի շարունակելուն»։ Էրիկ Ալեքսանյանի գործողությունները դատարանը գնահատեց ոչ իրավաչափ և նրա նկատմամբ կիրառեց դատական սանկցիա՝ նկատողություն։