«Չենք լռելու».ՌՈ-ում զինվորին դաժանաբար ծեծել են, տարել զորամաս, արձակուրդ ձևակերպել և ուղարկել Սևան

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հայտարարությունըԽայտառակ դեպք է տեղի ունեցել մարտի 14-ին ՀՀ ԶՈՒ Երևանի կայազորի Ռազմական ոստիկանությունում, ուր զորամասերից մեկում դեռևս մեկ ամիս առաջ (ուշադրություն դարձրեք այս փաստի վրա) տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով բերման են ենթարկվել մի խումբ զինվորների և դաժան ծեծի ենթարկվել: «Չենք լռելու»-ի հավաստի տեղեկություններով, այդ խուլիգանությանը անմիջական մասնակցություն են ունեցել Երևանի կայազորի Ռազմական ոստիկանության պետ Ռ. Ներսիսյանը, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հ. Ոփանյանը և քննչական բաժանմունքի հետաքննիչ Ա. Ավագյանը:Զինվորներից առավել մեծ վնասվածքներ է ստացել (դեմքի շրջանում) Արսեն անունով սևանցի մի երիտասարդ, որին «լռեցնելու» նպատակով, ծեծելուց հետո, ետ են տարել զորամաս, արձակուրդ ձևակերպել և, պահանջելով որևէ մեկին չպատմել կատարվածի մասին, տուն ուղարկել:Այս ամենում առավել մեծ զզվանք է առաջացնում զորամասի հրամանատարի կեցվածքը, որը Ռազմական ոստիկանության հետ հարաբերությունները չսրելու նպատակով, համաձայնել է մտնել այդ կեղտոտ խաղի մեջ` ռազմական ոստիկանների ձեռքերից ծեծված վիճակում ընդունելով զինվորին և տուն ուղարկելով:Հատկանշական է, որ Արսենը մեկ ամիս առաջ տեղի ունեցած միջադեպի գործում է ներգրավվել զուտ որպես վկա:Հարկ ենք համարում նշել նաև, որ զինվորներին ծեծի ենթարկելը հայկական բանակում սովորական երևույթ է: Այն հատկապես տարածված է Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող զորամասերում, ուր հիմնականում ծառայում են որևէ «տանիք» չունեցող երիտասարդներ: Այդ հանգամանքը թևեր է տալիս խուլիգան սպաներին: ՈՒ եթե անգամ գլխավոր շտաբում նստած բարձրաստիճան զինվորականները ցանկանում են որևէ բան փոխել, բայց ոչինչ չի ստացվում, ապա թող ընդունեն սեփական անզորությունը և իրավիճակին չտիրապետեպու հանգամանքը:Եթե Երևանում են նման դեպքեր տեղի ունենում, ապա միայն պատկերացնել կարելի է, թե ինչ է կատարվում հեռավոր զորամասերում և ռազմական ոստիկանական բաժանմունքներում: Եվ այս իրավիճակում հարցի միակ լուծումն է մնում չլռելը: Որ մեր տղերքը ծառայեն հանգիստ:«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը դիմում է բոլորին` նմանատիպ դեպքերի մասին [email protected] էլ. հասցեին հայտնելու խնդրանքով:
© Medialab.am