Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը․ Factor.am

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Գնել Գասպարյանի նախագահությամբ, այսօր մեկնարկեց Գորիսի նախկին համայնքապետ Առուշ Առուշանյանի և Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանի գործով քրեական գործի քննությունը, գրում է Factor.am-ը։

Հենց դատական նիստի սկզբում պաշտպանական կողմը միջնորդեց փոխել Առուշանյանի խափանման միջոց կալանքը՝ այն փոխարինելով գրավով։ Դատարան ներկայացված միջնորդության հիմքում դրվել է այն հանգամանքը, որ, փաստացի, դատավարական մեկ փուլ արդեն ավարտված է և  քննությանը խոչընդոտելու հավանականությունը, որը մինչդատական վարույթում դատարաններն արձանագրել են, ըստ պաշտպանության կողմի, նվազման աստիճան ունի, քանի որ քրեական գործով արդեն հարցաքննվել են բոլոր վկաները։ Դատարանը, սակայն, մերժեց ներկայացված միջնորդությունը։

Հիշեցնենք՝ նախաքննական մարմնի հաղորդագրության համաձայն՝ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշ Առուշանյանն իր դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու համար նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը։

Ըստ մեղադրանքի՝ արտահերթ ընտրություններից մի քանի օր առաջ համայնքապետը հանդիպել է Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին և առաջարկել ընտրություններից հետո դրամական օգնություն տրամադրել այն ընտրողներին, ովքեր կխոստանան ընտրել «Հայաստան» դաշինքին: Ըստ ՀՔԾ-ի՝ հանցագործությունն ավարտին չի հասցվել Առուշանյանի կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Քարահունջի ղեկավար Ավետյանը հրաժարվել է ընտրողներին հանդիպելուց և նրանց դրամական օգնության տեսքով կաշառք տալուց: