«Քոփփեռ» ՍՊԸ-ն պատրաստվում է Երևանի Ավան վարչական շրջանի արդյունաբերական գոտում՝ Աճառյանի 2 փակուղի հասցեում, ձուլման տեղամաս հիմնել:
Այս մասին հայտնում է Ecolur-ը։
Սույն թվականի սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (Խուդյակովի փողոց 222 հասցեում) տեղի կունենա «Քոփփեռ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ ձուլման տեղամասի աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումը (4-րդ փուլ)։
Նախագծվող ձուլման տեղամասից 600 մ հեռավորության վրա գտնվում է Երևանի աղի հանքը, դեղագործական գործարանը:
Նախագծով նախատեսվում է գունավոր մետաղների ջարդոններից տարեկան ստանալ 1800 տ պղնձի, ալյումինի և դրանց համաձուլվածքների ձուլակոճղեր և ձուլուկներ:
Ըստ Շրջակա միջավայրի նախարարի 25.12.2006թ. 430-Ն և 26.10.2006թ. 342-Ն հրամաններին կից վտանգավորության դասակարգված թափոնների ցանկի` չտեսակավորված պղնձի ջարդոնը պատկանում է վտանգավորության 3-րդ դասի:
Տեղամասը նախատեսում է կազմակերպել նախկին արդյունաբերական գոտու տարածքում, գոյություն ունեցող շինությունում՝ 170մ2 վրա:
Մթնոլորտ կարտանետվեն կախված մասնիկներ, ածխածնի օքսիդ, ազոտի օքսիդներ, ալյումինի օքսիդ, պղնձի օքսիդ, տարեկան ընդհանուր՝ 0,665 տ:
Աղտոտող նյութերի արտանետումներից տնտեսությանը հասցված տնտեսական վնասը գնահատվում է տարեկան մոտ 104.6 հազար դրամ: Հաշվետվությունում նշված է, որ ներկայացված գումարը չի առաջացնում որևէ ֆինանսական պարտավորություն:
Ինչպես խմելու-տնտեսական, այնպես էլ արտադրական կարիքների համար օգտագործվելու է խմելու ջուր քաղաքի ջրմուղու համակարգից:
Որպես թափոն ալյումինի ջարդոնի վերաձուլման արդյունքում կառաջանա 1,5 տոննա խարամ, որն իրենից ներկայացնում է մետաղական ալյումինի և դրա օքսիդների խառնուրդ: Տարեկան 1,8 տ մաշված թուջե կաղապարների ջարդոն կառաջանա թուջե կաղապարների մաշվածության պատճառով: Թուջե կաղապարների բաղադրությունն է՝ երկաթ, ծծումբ, ֆոսֆոր, սիլիցիում, մանգան, պղինձ, նիկել, տիտան:
Ձուլման տեղամասում աշխատելու է 18 մարդ:
Ընկերությունը նաև նախատեսում է կազմակերպել բանեցված կապարե կուտակիչների պահեստ: Բանեցված կապարե կուտակիչները պատկանում են վտանգավորության 3-րդ դասին: Ըստ կուտակման՝ դրանք վաճառվելու են հանրապետությունից դուրս կամ ՀՀ տարածքում մասնագիտացված ձեռնարկություններին հետագա վերամշակման համար: