Խնկավանում տեղահանված ընտանիքներ չեն հաստատվել. համայնքի ղեկավար

ԱՀ Մարտակերտի շրջանի Խնկավան համայնքը 175 բնակիչ ունի. պատերազմի ավարտից հետո բոլորը գյուղ են վերադարձել:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Խնկավանի համայնքապետ Լորիկ Աբրահամյանը: «Պատերազմից հետո գյուղում տեղահանված ընտանիքներ բնակություն չեն հաստատել:

Բայց ազատ բնակֆոնդից ունենք 6 տուն. վերանորոգելուց հետո մեծ սիրով կտրամադրենք նրանց: Տեղի դպրոցը տարրական է. ունի 8 աշակերտ:

4-րդ դասարանն ավարտելուց հետո աշակերտները հաճախում են Խնկավան և Վաղուհաս գյուղերի արանքում կառուցված միջնակարգ դպրոց: Մանկապարտեզ չունենք. գյուղում մանապարտեզի ենթակա երեխաները շատ քիչ են։ Համայնքում գործում են համայնքային կենտրոն, բուժկետ և ակումբ, որոնց շենքերը վերանորոգման կարիք ունեն. հանդիսությունների սրահ չունենք: Գյուղամիջյան  անհրաժեշտությունը շատ է զգացվում: Ջրի խնդիր չունենք, և չենք էլ ունեցել »,- նշեց Լ.Աբրահամյանը: 

Մեր զրուցակիցը ցավով տեղեկացրեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից համագյուղացիներից մեկը զոհվել է, մեկը՝ վիրավորվել, իսկ մեկն էլ մինչ օրս համարվում է անհայտ կորած: Նրա  հավաստմամբ՝ տեխնիկայի բացակայության պատճառով գյուղացիները դադարել են զբաղվել գյուղատնտեսությամբ: Զբաղվածության ուղղություններից են անասնապահությունը, մեղվաբուծությունը: