Հազալ, եթե դիմացինը դիմակով չէ. նախարարության հորդորը կկանխի՞ վարակի տարածումը․ տեսանյութ

Կորոնավիրուսի տարածման տեմպի աճին զուգահեռ՝ առողջապահության նախարարությունը փորձում է տարբեր մեթոդներով նպաստել, որ քաղաքացիները պահպանեն հակահամաճարակային կանոնները: Երևանի տարբեր հատվածներում փակցված «Եթե կանոնները չեն պահպանվում, հազա՛» գրությամբ պաստառները նախարարության հերթական նախաձեռնությունն են: Թե որքանով է այս մեթոդը կանխում վարակի տարածումը, դժվար է ասել, ավելին, որոշ մասնագետների գնահատմամբ՝ կարող է անգամ հակառակ էֆեկտն ունենալ:

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հիմնադիր նախագահ Վարուժան Մելքոնյանը, առաջին անգամ տեսնելով պաստառը, մտածել է՝ ֆեյսբուքյան օգտատերերի չար կատակներից է։ Թե որքան գումար է ծախսվել այս պաստառների համար, և քանի այդպիսի պաստառ կա Երևանի փողոցներում, մեզ պարզել չհաջողվեց: Առողջապահության նախարարությունից խնդրին առնչվող մեր հարցերին պատասխանելու փոխարեն՝ հայտարարեցին, թե թեմային մեր անդրադարձն իրենց այնքան էլ հետաքրքիր չէ, ծախսերի հետ կապված տվյալներն էլ հորդորեցին  ճշտել ՅՈՒՆԻՍԵՖ-ից, իսկ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակ մեր պարբերական զանգերը մնացին անպատասխան։ Հոգեբանը կարծում է, որ այդ պաստառների բովանդակությունը նախարարությունը պետք է վերանայի:

Ավելի վաղ՝ հունիսի 2-ին, Առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան էջում տարածեց տեսանյութ, որում ասվում  է՝  եթե շրջապատում մարդիկ չեն կրում դիմակ, չեն պահպանում հեռավորություն և բարևում են ձեռքսեղմումով, ասա՛ նրանց, որ պահպանեն հակահամաճարակային կանոնները կամ պարզապես միտումնավոր հազա՛:  Ամերիկյան համալսարանի Հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը ևս կարծում է, որ պաստառը վիճահարույց է:  Ըստ նրա՝ այս քարոզչության ազդեցության չափը հասկանալու համար դեռ պետք է սպասել։

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, մինչդեռ, չի կարծում, թե սոցիալական գովազդը հակառակ ազդեցությունը կարող է ունենալ։ Եվ մինչ նախարարությունը փորձում է անգամ տարընթերցումների տեղիք տվող պաստառներով նպաստել, որ մարդիկ կրեն դիմակ և պահպանեն հակահամաճարակային կանոնները, այդուհանդերձ, սկսած բարձրաստիճան պաշտոնյաներից մինչև շարքային քաղաքացիներ՝ այս օրերին  համատարած, անգամ՝ փակ տարածքներում և մարդաշատ հավաքների ժամանակ, դիմակ չեն կրում։ Այնինչ, կորոնավիրուսից օրական հիվանդացության թվերն ու մահվան դեպքերը շարունակում են մտահոգիչ մնալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուր՝ Factor.am