Չավուշօղլուն Հայաստանի հետ սահմանը բացելու համար Երևանին կրկին պայմաններ է առաջադրել

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ադրբեջանական Report-ի հետ զրույցում հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետ ընտրվելուց ու կառավարության ձևավորումից հետո դրական ազդակներ է հնչեցրել։ «Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանք դրական է գնահատել»,- ասել է Չավուշօղլուն՝ միաժամանակ նշելով, որ այն, ինչ վերաբերում է հետագա քայլերին, գործելու են Ադրբեջանի հետ համատեղ, գրում է Factor.am-ը։

«Մեր ձգտումն է՝ կարգավորել հարաբերությունները։ Բնական է, այդ հարցում կարևոր են և Հայաստանի քայլերը։ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է խաղաղության պայմանագիր ստորագրել։ Կարծում եմ, որ օգտավետ կլիներ նաև բանակցություններ սկսել այդ կապակցությամբ։ Իհարկե, այդ ուղղությամբ մենք քայլեր կձեռնարկենք Ադրբեջանի հետ համակարգված, և եթե պայմանները բավարարվեն, ապա և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան կարող են բացել սահմանները, և այդ դեպքում հարաբերությունները կկարգավորվեն։ Սակայն այդ հարցում Հայաստանը չպետք է սահմանափակվի խոսքերով, այլ պետք է գործողություններ ու արդյունքներ տվող քայլեր ձեռնարկի»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։