Արձանագրվել է Գանձասարի հայկական ծագումը, և ես ընդհանրապես անիմաստ եմ համարում այդ թեմայով խոսակցությունը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Գանձասարի վերաբերյալ հայտարարություններին։ «Կոմպետենտ պաշտոնյայի, մատենադարանի տնօրենի միջոցով արձագանքել է և արձանագրել է Գանձասարի հայկական ծագումը, և ես ընդհանրապես անիմաստ եմ համարում այդ թեմայով խոսակցությունը, բայց նաև անիմաստ եմ համարում նպատակադրումը, եթե մենք մեր առաջ խնդիր դնենք, որ դա պետք է ապացուցենք, օրինակ, Ադրբեջանին, որովհետև դա անիմաստ և անիրագործելի խնդիր է»,- ասել է Փաշինյանը։

Հարց հնչեցնողի՝ «Անհույս լավատես եմ, որովհետև արձագանքում հույսով էի, որ կհաստատեք, որ Գանձասարը հայկական է» դիտարկմանը Փաշինյանն արձագանքել է․ «Դուք անուղղելի լավատես չեք, դուք երևի ավելի շատ անուղղելի հոռետես եք, որովհետև լսում եք այն, ինչ որ ուզում եք լսել»։

Խոսելով խաղաղության մասին՝ Փաշինյանն ասել է․ «Մենք պետք է պետք է շարունակենք խնամք տանել խաղաղության նկատմամբ, որովհետև եթե դա մեզ համար արժեք է, այսօր աշխարհում մեր տարածաշրջաններում շատերը կան, որոնց համար դա արժեք չի, ընդհակառակը, ես մի ամիս առաջ այս ամբիոնից ասել եմ խաղաղությունը փլուզելը շատ հեշտ է, շատ հեշտ. Հիմա ասենք այս հարց ու պատասխանի ընթացքում կարանք մենք իրար հետ խաղաղությունը փլուզենք, հեշտությամբ, բայց նորից էս կետին հասնելու համար 30 տարի պետք ա լինելու։ Այնպես որ եկեք ընտրենք, մենք կատարել ենք մեր ընտրությունը»։