«Լեռնային Ղարաբաղ չկա, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ չկա».Ալիև.Factor

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անհեռանկարային է համարում Հայաստանի կողմից Արցախի կարգավիճակի հարցի բարձրացումը։

«Ցավոք, մինչև հիմա բարձրացվում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որը բացարձակ անհեռանկարային է։ Կարծում եմ՝ դա վնասակար ու վտանգավոր է Հայաստանի համար ներկա իրավիճակում։ Նրանք չպետք է մոռանան Ղարաբաղյան երկրորդ պատերազմի դասերը: Եթե Հայաստանը շարունակի Ադրբեջանին տարածքային պահանջներ առաջադրել, ապա մեզ համար էլ դժվար կլինի ձեռնպահ մնալ Հայաստանի նկատմամբ տարածքային փոխադարձ պահանջներից։

Մենք դրա համար ավելի շատ հիմքեր ունենք՝ ելնելով պատմական պատկանելիությունից՝ նույն Զանգեզուրի, այդ թվում՝ Գյոչա լճի (նկատի ունի Սևանա լիճը) տարածքի նկատմամբ։ Բայց մենք դրանք չեն ներկայացնում»,- ասել է Ալիևը ռուսական «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում՝ մոռանալով նշել ՀՀ-ին ուղղված իր տարածքային պահանջների մասին։

Ալիևը նաև զարմանք է հայտնել, որ պատերազմում պարտված Հայաստանն իրեն «իրավունք է վերապահում» խոսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին։

«Չկա կարգավիճակ, Լեռնային Ղարաբաղ չկա։ Կա Ղարաբաղյան տնտեսական գոտի, կա Արևելազանգեզուրյան տնտեսական շրջան։ Դա մեր տարածքն է, և միայն մենք ենք որոշում՝ ինչ վարչատարածքային միավորներ կարող են լինել մեզ մոտ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ Հայաստանին սպառնալով՝ «չբարկացնել» իրենց։

Բացի այդ, Ալիևը ևս մեկ անգամ ադրբեջանական թեզերն է հնչեցրել, որ, իբր, Լեռնային Ղարաբաղի համամարտությունն ավարտվել է և ընդմիշտ մնացել պատմության մեջ։

Այս մասին հայտնում է factor.am-ը: