«Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ես պատգամավորության թեկնածու եմ առաջադրվելու Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրական տարածքից»։
Նման գրառում է կատարել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշել է, թե այս օրերին իրեն մշտապես հարցնում են՝ ինչո՞ւ հատկապես այդ ընտրական տարածքից։
«Ինչո՞ւ, որովհետեւ քաղաքական գործիչը, իմ վստահ համոզմամբ, վստահություն պիտի ունենա մեր հանրապետության ցանկացած հատվածում, յուրաքանչյուր մարզում, քաղաքում եւ գյուղում եւ ոչ թե միայն այն փողոցներում, որտեղ ինքը տվյալ պահին ապրում է։ Ես կարծում եմ, որպես քաղաքական գործիչ, ով այս տարիների ընթացքում փորձել է թե՛ Հայաստանի խորհրդարանում եւ թե՛ միջազգային կառույցներում անել առավելագույնը՝ Հայաստանի եւ Հայաստանի հանրապետության քաղաքացու շահը պաշտպանելու համար, ես վաստակել եմ այդ իրավունքը վստահ լինելու, որ կարող եմ ակնկալել եւ խնդրել իմ հայրենակիցների վստահությունը հանրապետության ցանկացած բնակավայրում։ Եւ որովհետեւ իմ հայրենիքը ինձ համար ամբողջ Հայաստանն է եւ իմ յուրաքանչյուր հայրենակցի խնդիր իմ խնդիրն է։ Եւ եւս մեկ պատճառ, որ որոշել եմ առաջադրվել հատկապես այդ ընտրական տարածքից։ Իմ ծնողները Սյունիքից են, եւ իմ արմատները ինձ համար անչափ կարեւոր ու սիրելի են։
Սիրելի հայրենակիցներ, որպես լրագրող եւ քաղաքական գործիչ, ես տեսել եմ թե ինչպես է տարիներ շարունակ կեղծվել ձեր քվեն, թե ինչպես են խորհրդարանում հայտնվել մարդիկ, ում դուք չեք ընտրել եւ ովքեր լինելով ներկայացված ձեր մարզերից, ոչ միայն ձեր որեւէ խնդրով եւ հոգսով չեն զբաղվել, այլ տարիներ շարունակ հարստահարել են ձեզ՝ կառուցելով բացառապես իրենց ու իրենց ընտանիքի բարեկեցությունը։ Հիմա նոր Հայաստան է, որտեղ ձեր քվեով ձեւավորվելու է օրինական իշխանություն, որի տերը լինելու եք դուք։ Չի՛ լինելու վարչական ռեսուրսի կիրառում եւ չի՛ լինելու ընտրակաշառք։ Լինելու է մեկ բան՝ ձեր ազնիվ ընտրությունը։ Ես պատրաստ եմ եւ ուզում եմ լինել ձեր ձայնը Հայաստանի խորհրդարանում։ Ես պատրաստ եմ եւ ես կարող եմ ձեր յուրաքանչյուր խնդիր եւ հոգս, յուրաքանչյուր արդար պահանջ բարձրացնել եւ փորձել դրանց արագ ու արդյունավետ լուծումները գտնել։ Ընտրելով ինձ, դուք զգալու եք, որ վերջապես ունեք ձեր պատգամավորը։
Իմ կուսակցությունը՝ «Բարգավաճ Հայաստանը», ներկայացնում է լուրջ տնտեսական ծրագիր, որը, հավատացեք ինձ, երկրում հիմք է դնելու տնտեսական լուրջ բարեփոխումների՝ ներգավելով օտարերկրյա հսկայածավալ ներդրումներ։ Դուք ամեն օր տեսնում եք, թե ինչպես է Գագիկ Ծառուկյանն արտերկրի իր գործընկերների հետ միասին մեր տնտեսության տարբեր ոլորտներում հսկայական ներդրումներ անում՝ բացելով գործարաններ, ստեղծելով հարյուրավոր, հազարավոր աշխատատեղեր։ Ես վստահեցնում եմ ձեզ՝ մենք ունենք Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի համար ներդրումային լուրջ փաթեթներ, որոնք լուծելու են այդ մարզերի ամենացավոտ խնդիրներից մեկը՝ արժանապատիվ աշխատանքի խնդիրը, որպեսզի ձեր հայրերն ու ամուսինները, ձեր որդիները չմտածեն արտագաղթի եւ դրսում փող աշխատելու մասին։
Առաջիկա օրերին ես տեղափոխվում եմ Սյունիք եւ հասանելի եմ լինելու ձեզանից յուրաքանչյուրի համար, ինչպես հասանելի եմ եղել միշտ, պատրաստ եմ լսել բոլորիդ խնդիրներն ու առաջարկները եւ ներկայացնելու եմ այն ծրագիրը, որը վստահաբար արժանանալու է ձեզանից յուրաքանչյուրի հավանությանը։
Ինձ մեկ բան է պետք՝ ձեր վստահությունը եւ մենք միասին մեր երկրում տեղի ունեցած այս լուսավոր հեղափոխությունը դարձնելու ենք այլեւս անշրջելի՝ սկսելով հեղափոխության նոր փուլը՝ տնտեսական բարեփոխումների եւ ներդրումների փուլը»,- գրել է Զոհրաբյանը։