Դաժանագույն պատերազմից հետո, ցավոք, սա մեր պատերազմին, այն էլ՝ միայն հումանիտար ասպեկտով ԵԽԽՎ կողմից բանաձևով անդրադառնալու առաջին փորձն է․ Սաֆարյան

Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ժամանակի պատճառով չեմ հասցնի ամենայն մանրամասներով շարադրել քիչ առաջ ԵԽԽՎ կողմից ընդունված “Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները”/ “Humanitarian consequences of the conflict between Armenia and Azerbaijan” վերտառությամբ զեկույցի բովանդակությունն ու դրա քննարկմանը նախորդած, գերազանցապես հայկական, ադրբեջանական ու թուրքական պատվիրակությունների, պատգամավորների ներկայացրած փոփոխությունների “պատերազմը”։

Ստորև դրված լինքում այդ ողջ դրաման ու պատմությունն է՝ մերժված, ետ վերցված ու չընդունված առաջարկությունների տեսքով։ Սակայն ամենաողբերգականը այդ պատկերում մեկ այլ բան է․ ըստ էության, 2020թ․ դաժանագույն պատերազմից հետո ցավոք սա մեր պատերազմին, այն էլ՝ միայն հումանիտար ասպեկտով ԵԽԽՎ կողմից բանաձևով անդրադառնալու առաջին փորձն է։ Ու բացարձակապես հասկանալի չէր, թե ինչու պատերազմի շրջանում կամ անմիջապես հետո հայկական պատվիրակությունը՝ նախկին գումարման խորհրդարանից թե՛ իշխող, թե՛ ընդդիմադիր կուսակցությունների մակարդակով չկարողացան միջազգայնացնել մեր պատերազմը, ստանալ ցանկալի զեկույցներ։ 2008թ․ ԵԽԽՎ-ում հատուկ քննարկման առարկա էին դարձել ոչ միայն ռուս-վրացական, իսկ 2014թ․-ին նաև Ուկրաինական/Ղրիմյան պատերազմները, անեքսիան /նաև ՆԱՏՕ ԽՎ ու այլ ֆորմատներում/, այլ անգամ Հայաստանի 2008թ․ մարտի մեկը․․․

Մինչդեռ մեր հայրենակիցներից ավելի քան 4000 կյանքը խլած, հազարներին վիրավորած, տասնյակ հազարներին անտուն ու բոլորիս հայրենազուրկ դարձրած այս պատերազմը քննարկման առարկա չդարձավ ոչ մի վեհաժողովում, այն էլ երբ դրա սանձազերծողը Ադրբեջանն էր․․․ Բայց սա գրեցի միջանկյալ։

Այդ նույն ընդդիմությունը պատերազմից հետո գերիների վերադարձ, հայրենիքի փրկություն էր “փնտրում” ու “պահանջում” փողոցներում, բայց ոչ միջազգային կազմակերպություններում․․․ Ու հիմա երբ նրանք խորհրդարանում են, նրանք բացակայում են Ստրասբուրգյան թեժ քննարկումներում, որտեղ առաջարկություններում միայն ՔՊ պատգամավորների անուններն ես կարդում․․․․ Ո՞ւր էիք․․․ Հայ գերիների հարցերը ձեզ այլևս չե՞ն հետաքրքրում․․․

Կռիվ տվող էիք, գնայիք և թուրքադրբեջանական մեծաքանակ պատգամավորների դեմ հանդիման միայնակ մնացած ձեր 3-4 գործընկերներին՝ Ռուբեն Ռուբինյանին, Վլադիմիր Վարդանյանին, Էդուարդ Աղաջանյանին ու Նազելի Բաղդասարյանին օգնեիք․․․ Չէիք ուզում նրանց հետ միասնական գործել, գործեիք ինքնուրույն․․․ Փոփոխություններում կարդում ես սակավաթիվ հայ պատգամավորների ազգանուններն ու մեծաթիվ ադրբեջանցի, թուրք պատգամավորների անունները, տեսնում վերջիններիս կոմբինացված խաղը, տեսնում, թե ինչեր են կարողացել չեզոքացրել ու չես կարող մի քանի քաղցր խոսք չասել բացակայողների հասցեին․․․Տեսնում ու գնահատում եմ ՔՊ պատգամավորների տված կռիվը, բայց կներեք, բանաձևը մեզ համար թույլ եղավ։

Կարող էր առավելագունը լինել, եթե “ընդդիմություն” կոչվածն իր տեղում լիներ, իր կռիվը տար, թեկուզ առանձին, իր սեփական համարձակ առաջարկություններով, իսկ իշխանություն էլ Ստրասբուրգ մեկնած լիներ բարդ կոմբինացիոն խաղը լավ պատկերացնելով, կներեք, բայց գոնե նախկին փորձառու պատգամավորներիս հետ մի փոքր խորհրդակցած․․․

Այդ դեպքում գոնե մի փոքր ավելի շատ բան կհաջողվեր, ոչ թե նվազագույնը․․․Ու չեմ կարող հարցնել “ընդդիմադիրներին”՝ ձեր պոպուլիստական մոմավառությունն ու դրան մասնակցությունն ավելի կարևոր էր, քան այս բանաձև՞ը, որ կարող էր Ադրբեջանի վրա ճնշման հավելյալ լծակ լիներ․․․ Թե՞ չեք գնացել՝ իմանալով որ թուրքերը բանաձևում առաջարկելու են հղում անել ԵԽԽՎ 2005թ․ բանաձևին, երբ ձեր իշխանության օրոք խայտառակ հարված եկավ Արցախին ու Հայաստանին, մեզ ընդհուպ մեղադրելով էթնիկ զտումների, ագրեսիայի ու մնացածի մեջ, և այժմ էլ թուրքադրբեջանական տանդեմը պահանջել էր, որ պատերազմի հանցագործությունները քննվեն ոչ միայն 44 օրյա պատերազմի, այլ նաև 90-94թթ․ պատերազմի համար, ու հղում անեին հենց ձեր ժամանակ ընդունված բանաձևին․․․

Որ ասում էի՝ այս խորհրդարանի այս ընդդիմությունը աղետ է, նաև սրա համար էի ասում․․․ Իսկ բաց թողնվեց արտակարգ հնարավորություն ավելի շատ խնդիրներ լուծելու համար․․․Չնայած ում ուղարկեիք՝ քուչի կռիվ անողների՞ն, շշանետերի՞ն, թե՞ այդ ամենը լայվ հեռարձակող տիկնանց։

Ագնեսա՞ն էր դա անելու, Աննա՞ն, Արեգնա՞զը, թե՞ մյուսները․․․Թե բա՝ մեր Արմեն Գրիգորյանին նեղացրել եք, ի համերաշխություն Ստրասբուրգ չենք գնա։ Մի գնացեք։ Բայց հաջորդ անգամ զոհերից, պատանդներից, պատերազմից ու հայրենիքից էլ չխոսեք։ Նրանք ձեր համար գոյություն չունեն ու դա ամրագրված է Ստրասբուրգի փաստաթղթերում’ այդ եզակի քննարկմանը ձեր արձանագրված բացակայությամբ ․․․Գնացեք Եռաբլուրի ֆոնին գունագեղ մոմեր վառեք ու նկարվեք։ Դա այն է, ինչ կարող եք անել»։