Գումարվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի առաջին նիստը

Սեպտեմբերի 29-ին գումարվել է ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի առաջին նիստը:

Խորհրդարանականները մեկ րոպե լռությամբ հարգել են 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների անմար հիշատակը ,ապա անցել օրենսդրական աշխատանքներին:

Հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունը ներկայացրել է հաշվեքննիչ պալատի նախագահ Տիգրան Ծատրյանը: Հաղորդումը ներառում է բյուջեի կատարման մասին եզրակացությունը, հաշվետվությունների վերլուծությունը, արտաքին աուդիտի մասին և այլ տեղեկություններ:

Համաձայն պալատի նախագահի ներկայացրած տվյալների՝ հաշվեքննությամբ ընդգրկված ֆինանսական ընդհանուր ծավալը կազմել է 18,142,366.7 հազ. դրամ կամ փաստացի ծախսերի 33.7 %-ը: 4 ծրագրային կետերից 3-ը կատարվել են, մեկը կասեցվել է:

ԱՀ հաշվեքննիչ պալատի նախագահը ներկայացրել է հաշվեքննության արդյունքներով արձանագրված անհամապատասխանություններն ու թերությունները: Անճշտությունների ընդհանուր գումարը կազմել է 476 մլն դրամ:

Պալատի նախագահը պարզաբանումներ է տվել պատգամավորերի բարձրացրած հարցերին:

Հաշվետվության առնչությամբ մտքերի փոխանակությամբ հանդես է եկել «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:

««Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը ԱԺ քննարկմանն է ներկայացրել ԱՀ արտակարգ իրավիճակների ծառայության պետ Մեխակ Արզումանյանը: Նախագծով առաջարկվող լրացումն ու փոփոխությունները կապված են ներքին գործերի նախարարության ստեղծմամբ պայմանավորված կառուցվածքային փոփոխությունների հետ:

Օրենքի նախագծի վերաբերյալ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո օրենքը 29 կողմ ձայնով ընդունվել է:

««Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում» կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ԱՀ ոստիկանության պետ Արտեմ Հարությունյանը: Օրենքի կարգավորումը քրեական օրենսգրքում առկա հակասությունները չեզոքացնելու նպատակ է հետապնդում:

Գլխադասային՝ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ՝ օրիագիծը լիագումար նիստում 30 կողմ ձայնով ընդունվել է որպես օրենք:

««Զենքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ներքին գործերի նախարարին վերապահել զենքով պարգևատրելու իրավասությունը:

Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո 31 կողմ ձայնով խորհրդարանն ընդունել է օրենքը:

««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծով առաջարկվող լրացմամբ գործող օրենքի մի շարք դրույքներ հանվում են, իսկ ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով հստակեցվում են համակարգի աշխատակիցների զենք կրելու և կիրառելու հիմքերը:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությամբ՝ խորհրդարանը ընդունել է օրենքները:

««Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը:

Օրենքի նախագծով սահմանվում է այսուհետ Արցախի Հանրապետությունում միայն մեկ նոտարական տարածք գործելու փաստը և նոտարի գործուղումը Հայաստանի Հանրապետություն՝ տեղահանված բնակչության շրջանում նոտարական գործողություններ իրականացնելու համար:

Արդարադատության նախարարի հիմնավորման համաձայն՝ նախագծի ընդունմամբ կապահովվի բնակչության կողմից նոտարական գործողություններից օգտվելու հարմարավետություն, ինչը կվերացնի այս բնագավառում ավելորդ քաշքշուկները:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախապես դրական եզրակացություն էր տվել օրինագծին:Քվեարկության արդյունքներով նախագիծը 30 կողմ ձայնով ընդունվել է որպես օրենք:

Նիստի 2-րդ մասում պատգամավորների հարցադրումներին պատասխանել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ու կառավարության անդամները: 14 պատգամավորի կողմից հնչեցվել են 2 տասնյակից ավելի հարցեր: Դրանք վերաբերվում էին արտաքին քաղաքականությանը, Արցախի կարգավիճակին, Մինսկի խմբի համանախագահների այցի օրակարգին, Հայաստանի իշխանությունների ու քաղաքական շրջանակների հետ փոխհարաբերություններին, բնակարանաշինությանն ու պատերազմից տուժած բնակարանների վերանորոգմանը, վարկառուների աջակցության ծրագրին, Հայաստանում ապաստանած տարհանվածների խնդիրներին, չգազաֆիկացված համայնքներին, կրթական ու սոցիալական հիմնախնդիրներին:

Հայտարարություններով հանդես են եկել պատգամավորներ Սեյրան Հայրապետյանը,Գագիկ Բաղունցը, Մետաքսե Հակոբյանը, Արամ Գրիգորյանը: