Մենք երբեք չենք լինելու Ադրբեջանի կազմում. սա այն «կարմիր գիծն է», որը չենք հատելու․ Դավիթ Բաբայանը՝ ՄԽ-ի Ստեփանակերտ այցելության մասին․ Factor.am

Մենք միշտ էլ կարևորել ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունն ակտիվացնի իր աշխատանքները։ Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ Մինսկի խումբը տարածաշրջանային այցի շրջանակում նախատեսում է լինել նաև Ստեփանակերտում։

«Ընդհանրապես, ԵԱՀԿ Մինսկի խումբը երբեք չի դադարեցրել իր աշխատանքները։ Պարզապես եղել են ճգնաժամային պահեր, ձևաչափը եղել է ավելի բարդ իրավիճակում։ Հիմա, կարծես, փորձում են նորից ակտիվանալ և այցելել տարածաշրջան։ Տեսնենք, թե ինչպիսի զարգացումներ են տեղի ունենալու, մենք էլ կունենանք մեր դերակատարությունը»,- հավելեց նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ արտգործնախրար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվի և Երևանի հետ համաձայնեցրել են Լեռնային Ղարաբաղ աշխատանքային այցերի վերսկսումը։

«Օրերս Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահները Նյու Յորքում հանդիպեցին Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ: Որքան հասկանում եմ՝ նրանք համաձայնեցրել են տարածաշրջան իրենց այցերի վերսկսումը և տեղում Հայաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչների հետ զրույցները, այդ թվում՝ Ստեփանակերտում հանդիպումերը»,- ասել է նա։

Դավիթ Բաբայանի խոսքով՝ նախկինում էլ եղել են ճգնաժամային իրավիճակներ, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը ժամանակավոր սառեցրել է իր այցելությունները Ստեփանակերտ։

«Բայց, ի վերջո, Արցախի մասնակցությունը գործընթացներում՝ թեկուզ ոչ անմիջական բանակցություններին, միշտ եղել է։ Իհարկե, դա նույնը չէր, ինչ նախկինում, երբ Արցախն անմիջականորեն մասնակցում էր բանակցություններին։ Ամեն դեպքում, պետք է աշխատենք, որ վերականգնենք Արցախի լիարժեք մասնակցությունը բանակցություններին»,- ասաց նա։

Ըստ Արցախի արտգործնախարարի՝ իրենք պետք է ներկայացնեն և պնդեն իրենց դիրքորոշումը։

«Իհարկե, հիմա Ադրբեջանի դիրքորոշումն ավելի կարծր է, շատ ավելի, քան եղել է մինչև այդ, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է համակերպվենք Ադրբեջանի դիրքորոշումների հետ»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։

Նա կարևորեց այն, որ համանախագահները որոշել են վերսկսել հանդիպումները Արցախի իշխանությունների հետ հենց Ստեփանակերտում։

«Սա բարդույթ կամ պարզապես քմահաճույք չէ։ Նրանք նաև տեղում պետք է տեսնեն, ծանոթանան իրավիճակին։ Արցախի մասնակցությունը պատերազմին կամ բանակցություններին որպես կողմ ոչ ոք չի չեղարկել։ Հետևաբար` տեղում լինելը միշտ ավելի կարևոր է, ճիշտ պատկերացում է տալիս իրավիճակի մասին»,- ասաց նա։

Անդրադառնալով Արցախի կարգավիճակի խնդրին՝ նա նկատեց, որ Ալիևը, իհարկե, չի ընդունում, որ պետք է քննարկվի այն, բայց Մինսկի խումբը համանախագահող բոլոր երկրները հայտարարել են, որ կարգավիճակի խնդիրը կա, և այն պետք է լուծվի։

«Մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմի մոտեցումները դոմինանտ չեն»,- ասաց նա։

Պատասխանելով դիտարկմանը, թե Ադրբեջանը դժվար թե ցանկանա, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդիպի Արցախի իշխանությունների հետ, Դավիթ Բաբայանը նշեց, որ Բաքուն փորձում է պարտադրել իր դիրքորոշումը բոլորին, բայց չի ստացվում։

«Մինսկի խմբում ներգրավված են երկրներ, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներից 3-ն են, հետևաբար՝ նրանք անկողմնակալ, չեզոք լինելու խնդիր ունեն»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե որոնք էլ լինելու Ստեփանակերտի պահանջներն ու դիրքորոշումը Մինսկի խմբի եռանախագահության հետ հանդիպման ժամանակ հիմա, երբ հայկական կողմը տանուլ է տվել պատերազմը, Դավիթ Բաբայանը շեշտեց՝ իհարկե, պատերազմը ծանր հետևանքներ է թողել, բայց Արցախը ողջ է։

«Արցախն ապրում է։ Մենք երբեք չենք լինելու Ադրբեջանի կազմում, սա բոլորի համար պարզ է։ Սա այն «կարմիր գիծն է», որը չենք հատելու»,- նշեց նա՝ հավելելով, որ համանախագահների հետ հանդիպմանը քննարկելու են ավանդական մնացած հարցերը՝ ԼՂ կարգավիճակի հարցը, անվտանգային, քաղաքական հարցերը, հիմա արդեն՝ նաև դեօկուպացիայի հարցը․ «Դրանք բարդ հարցեր են, պետք է քննարկվեն։ Բայց հիմա կան նաև այլ խնդիրներ, որոնք նույնպես կարևոր են ու հրատապ, իրենց էությամբ մարդասիրական են, ինչպես, օրինակ, գերիների խնդիրը։ Այդ հարցերրը չեն կարող շրջանցվել»։