Սյունիքի մարզի «Սատանի կամուրջ»-ի տարածքում մեքենան ընկել է ձորը

Սեպտեմբերի 30-ին, ժամը 15:38-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի «Սատանի կամուրջ» կոչվող տարածքում մեքենան ընկել է ձորը։ ԱԻՆ-ից տեղեկանում ենք, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 32-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ա․, ծնված 1995 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 200 մ գլորվել և հայտնվել ձորում:

Փրկարարները վարորդին, ուղևոր Ա․ Մ․-ին (ծնված 1996 թ.) դուրս են բերել ձորից (մոտ 200 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են Գորիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։