Արտաշատ համայնքի ղեկավար Կարեն Բենիամինյանը ֆեյսբուքյան գրառամամբ տեղեկացնում է, որ վայր է դնում համայնքի ղեկավարի լիազորությունները:
«Սիրելի համաքաղաքացիներ, տեղեկացնում եմ, որ վայր եմ դնում համայնքի ղեկավարի լիազորություններս, իմ գործունեությունը շարունակելու եմ այլ աշխատանքում: Արտաշատ համայնքի ղեկավարի աշխատանքը կատարեցի սիրով ու նվիրումով և ուրախությամբ եմ արձանագրում, որ համատեղ ուժերով՝ համայնքապետարան-համայնքի ավագանի-բնակիչ համագործակցությամբ կարողացանք կյանքի կոչել մի շարք կարևոր ծրագրեր՝ մեր սիրելի համայնքի համար, մեր լիազորությունների սահմաններում լուծեցինք արտաշատցիների մի շարք սոցիալական ու կենցաղային առաջնահերթ խնդիրներ:
Շնորհակալություն եմ հայտնում իմ համաքաղաքացիներին, ավագանու անդամներին, համայնքապետարանի աշխատակազմին՝ արդյունավետ ու համագործակցված աշխատանքի համար: Շնորհակալ եմ իմ աշխատանքը գնահատելու համար, ես շարունակելու եմ ողջ ներուժը ծառայեցնել մեր բոլորի սիրելի Արտաշատի զարգացմանն ու հզորացմանը»,- գրել է Բենիամինյանը: