«Հրամանատարների կադրային ազատումները միայն քաղաքական նպատակով են իրականացվում». Սեյրան Օհանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը

Պարո՛ն Օհանյան, ինչպե՞ս եք գնահատում երրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից Գրիգորի Խաչատուրովին ազատելու որոշումը: Խաչատուրովի հեռանալով՝ ի՞նչ կորուստ է ունենալու բանակը:

– Բանակում կադրային քաղաքականությունը որոշակի կարգ ունի: Պետք է շեշտենք, որ բանակում համապատասխան ընթացակարգեր կան, որոնցով երկար տարիներ առաջնորդվել են պաշտպանության բոլոր նախարարները:

Պաշտոնի նշանակվել են միայն մարդիկ, որոնք ունեցել են արժանիքներ՝ գիտելիքներ, փորձառություն, անցած ճանապարհ: Անկախ ամեն ինչից, զինվորականն իր ծառայությունն ընտրում է երկարատև ճանապարհ անցնելու համար, և կադրային քաղաքականության մեջ՝ կանոնադրության համաձայն, յուրաքանչյուր զինվորական մինչև ինչ-որ մի տարիք պետք է ծառայի:

Պաշտոններից միշտ ազատվում են ծառայողական քննությամբ, իսկ եթե պայմանագիրը լրանում է, և զինվորականը ցանկանում է իր ծառայությունը շարունակել, ապա պետությունը և բանակը պարտավոր են նրան այլ պաշտոնի նշանակել՝ մանավանդ Խաչատուրովի նման անձնավորությանը:

Քանի օր է՝ համացանցում խոսվում է դրա մասին, բայց որևէ մեկնաբանություն չի տրվում, միայն նախագահի չոր հրամանագիր են հրապարակում, որ պայմանագրի ժամկետը լրանալու պատճառով ազատվել է պաշտոնից: Բայց չէ որ այդ մարդը ճանապարհ է անցել, նրա գիտելիքները պետք է այլ պաշտոնում օգտագործել: Նման զինվորականներից ազատվելով՝ մենք հերթական հարվածն ենք հասցնում բանակին, մանավանդ որ, միայն Խաչատուրովը չէ, Մեհրաբի ու Մեղրիի գնդի հրամանատարները ևս առանց մեկնաբանությունների են ազատվել, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ կադրային այդ ազատումները միայն քաղաքական նպատակով են իրականացվում:

Ինչ եք կարծում, ո՞րն է քաղաքական նպատակը:

-Քաղաքական նպատակն ունի երկու խնդիր. բարձրագույն հրամանատարական կազմում լինեն այսօրվա կառավարության գրպանի հրամանատարներ և գեներալներ, որ ինչ հանձնարարություն տան, նաև քաղաքական առումով, կատարեն: Որովհետև նշված անձինք միշտ համարձակ ու պինդ անձնավորություններ են եղել և երբևէ չեն կատարել որևիցե քաղաքական հրահանգ:

Երկրորդ հեռահար նպատակն է, որ Հայաստանի Հանրապետության սահմանների հարցում հակադարձող, անհնազանդ մարդիկ չլինեն: Այս համատեքստում կարող ենք դիտարկել նաև Սյունիքի միջանցքի, անկլավների հարցը:

Ագարակի զորամասի նախկին հրամանատար, գնդապետ Արգամ Գևորգյանը պատրաստվում է արտագաղթել: Ինչպե՞ս եք վերաբերվում այս որոշմանը, և ի՞նչ կլինի, եթե մյուս հրամանատարները, որոնք ևս ազատվել են աշխատանքից, լքեն Հայաստանը:

– Այս իշխանությունների շահադիտական և ոչ կոմպետենտության հետևանքով է, որ մենք ունենք այս խնդիրը: Դա եղել է մինչև պատերազմ՝ բանակի ղեկավար կազմի, ճանապարհ անցած գեներալների, հրամանատարների նկատմամբ հետապնդումները:

Շատ վատ է, եթե գլխատվի բանակի հրամանատարությունը՝ շատ վատ է անդրադառնալու մեզ վրա: Ցանկացած կառույցի երիտասարդացում կարևոր է, բայց ոչ առանց փորձի, փորձի համադրությամբ երիտասարդացումն է, որ բերում է հաջողությունների:

Ցավում եմ, որ և՛ Մեղրիի, և՛ Մեհրաբի հրամանատարների, նույն գեներալ Խաչատուրովի նկատմամբ հետապնդումներ կան: Իհարկե կարող են ինչ-որ կերպ գտնել փոխարինողների, բայց այդպիսի անձնավորություններ, ինչպիսին նրանք են, մանավանդ գեներալ Խաչատուրովը, դժվար է գտնել:

– Պարո՛ն Օհանյան, բանակցություններ են ընթանում, որ ռուս զինվորականները տեղակայվեն նաև Հայաստանի սահմաններում: Ինչպե՞ս եք գնահատում այս հանգամանքը, ստացվում է, որ Հայաստանն այլևս չի՞ կարողանում ինքնուրույն կազմակերպել իր անվտանգությունը:

– Սա խոսում է նրա մասին, որ կամաց-կամաց կորցնում ենք մեր ինքնիշխանությունը, և Հայաստանը ի վիճակի չէ նույնիսկ իր սահմանները պահելու: Սա մանր խնդիր է, և Ռուսաստանի Դաշնությունն ու ՀԱՊԿ-ը՝ որպես ռազմավարական գործընկերներ, սադրանքի ու գլոբալ պատերազմի համար են նախատեսված, իսկ մեր սահմանները ինքնուրույն պաշտպանել չկարողանալը պետության ինքնության կորստի, պարտվողական քաղաքականության, կազմակերպչական անընդունակության պատճառ է միայն:

Ես ասում եմ, որ Հայաստանն ի վիճակի է դա անել, այդ ինչպե՞ս է, որ Հայաստանի մայրաքաղաքում կարողանում են զորքեր կուտակել, վերջին օրերին էլ և՛ վարչապետը, և՛ ոստիկանության ղեկավարությունը ցույց են տալիս, թե ինչ կարող են անել, դա կարողանում են անել, բայց Հայաստանը պաշտպանել չեն կարողանում:

Այդպիսի մարդկանց, ովքեր միայն Երևանում են կարողանում քայլել, Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ մենք անվանում էինք ասֆալտի ֆիդայիներ:

 – ՀԱՊԿ-ի պատասխանը ՀՀ սահմանային վերջին դեպքերի հետ կապված քննարկումների մեծ տեղիք տվեց, ոմանք նշեցին, թե ճիշտ ժամանակն է, որ Հայաստանը դուրս գա այդ կառույցի կազմից: Դուք ինչպե՞ս եք գնահատում նախ ՀԱՊԿ-ի պատասխանը, ապա՝ այս մեկնաբանությունները:

– Այնպես չէ, որ ես գոհ եմ ՀԱՊԿ-ի ղեկավարության հայտարարությունից, որովհետև նրանք ՀԱՊԿ-ի կանոնադրական դրույթներն են արտահայտում, որ իրենք կարող են զորքով աջակցել միայն, եթե կան բացահայտ սադրանք և բացահայտ մարտական գործողություններ:

Այս միջադեպերը նրանք անվանում են սահմանային միջադեպեր: Երկու հանգամանքից ելնելով, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է և այս վիճակում Հայաստանին պետք է բարոյական-քաղաքական աջակցություն, և երկրորդը՝ ՀԱՊԿ-ը իր ազդեցիկ դերակատարությամբ այնպես պետք է անի, որ նման սադրանքները կանխարգելի, իսկ, եթե եղել են՝ պետք է ազդեն Ադրբեջանի վրա, որ հետ քաշվեն ՀՀ սահմաններից:

Բայց, միևնույն է, ես մնում եմ այն կարծիքին, որ ամոթ էլ է այս միջադեպի համար դիմել ՀԱՊԿ-ին: Ինքներս պետք է կարողանանք մեր սահմանները պահպանել:

 – Պարո՛ն Օհանյան, իշխանությունն ասում է, որ բանակում բարեփոխումներ են իրականացվելու, և ունենալու ենք փոքր թվով հրամանատարական կազմով, բայց արդյունավետ բանակ: Հնարավո՞ր է դա:

 – Ակնհայտ է, որ բանակում բարեփոխումները պետք են, որոնցից ամենակարևորը օպտիմալացումն է, բայց ոչ կրճատումը, այլ բանակի կառուցվածքի համապատասխանեցումն այն խնդիրներին, որը ինքը պետք է կատարի:

Բանակի հետ միասին նաև Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի օպտիմալացումը պետք է համապատասխանեցվի այն խնդիրներին, որոնք ծառացած են մեր առջև:

Այդ ամենը պետք է համադրված կատարեն, ասենք՝ ՀԱՊԿ-ի, մեր տարածաշրջանային խմբավորման և ռազմավարական գործընկեր ՌԴ-ի, 102-րդ ռազմական բազայի հետ, որոնք մտնում են միացյալ զորախմբի մեջ՝ Հայաստանի զորքերի հետ միասին:

Այս ամենի հետ միասնական համակարգ պետք է ձևավորվի, բայց դրա համար պետք է պաշտպանական ռազմավարական վերանայում անցկացնել, ինչը նշանակում է՝ գնահատել անվտանգության միջավայրը ՀՀ-ի շուրջ, բոլոր այն սպառնալիքները, որոնք կան՝ և՛ արտաքին, և՛ ներքին, որոշել բոլոր դերակատարներին, ովքեր այդ սպառնալիքները պետք է չեզոքացնեն, դրա ուղղությամբ պլանավորում իրականացվի, որից հետո նոր կպարզվի՝ ինչպիսի կառուցվածք պետք է ունենա մեր բանակը՝ ինչ գործառույթներով:

Սա բարդ գործընթաց է, որը պետք է իրականացվի Անվտանգության խորհրդի, պաշտպանության նախարարության և ՀՀ-ում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի միասնական աշխատանքով, որը պետք է համադրվի երկու ուղղությունների՝ ռուսական և արևմտյան փորձագիտական խմբերի համադրված աշխատանքով:

Ձեր նշած այս բոլոր դետալներն իշխանությունն աչքի առաջ կունենա՞ բարեփոխումները կատարելիս:

– Չգիտեմ, համենայնդեպս, ես չեմ լսել, որ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Դա պետք է ստեղծվի պետության մեջ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am