«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Դեռևս առիթ կլինի առավել դետալային անդրադառնալ Սերժ Սարգսյանի այսօրվա ելույթին, սակայն նրա մի ուշագրավ մտքի վրա ցանկանում եմ հրավիրել Ձեր ուշադրությունը։ Հայաստանի 3-րդ նախագահը, հեռակա կարգով դիմելով Ադրբեջանի նախագահին, հաստակամորեն արձանագրում է, որ ինչ-ինչ ուժեր սկուտեղի վրա նրան նվեր են մատուցել, ավելի՛ն, ընդգծում է, որ եթե չլիներ 2018 թվականի` դրսի ուժերի մեծ օժանդակությամբ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, ապա Ալիևը ականջի հետևը ավելի շուտ կտեսներ, քան Շուշին ու Հադրութը:
Վերը նշված արձանագրումներով Սերժ Սարգսյանն, ըստ էության, հասկացնել է տալիս, որ պատերազմի արդյունքն ինչ-ինչ ուժերի կողմից Ալիևին տրված նվեր է, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը դրսի մեծ ուժերի ՄԵԾ աջակցության հետևանքն է։
Ով ով, բայց Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում է ու ամենից լավ գիտի, որ անգամ եթե իր ասածը հարյուր տոկոսով ճշմարտություն է, ապա այդպիսի ՆՎԵՐ Ալիևին կարող էին տալ ողջ աշխարհում սահմանափակ թվով մարդիկ, և նրանց թիվը չի կարող գերազանցել երկուսը, իսկ ավելի պարզ՝ այդպիսի ՆՎԵՐ Ալիևին կարող էր տալ կա՛մ Վլադիմիր Պուտինը, կա՛մ Դոնալդ Թրամփը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու հարցում դրսի ուժերի ՄԵծ աջակցությանը, ապա այդ դեպքում նույնպես ակնհայտ է, որ այդպիսի աջակցություն կարող էին ցույց տալ միայն ու միայն սահմանափակ թվով ուժեր ու անհատներ։Հիմա հարց է առաջանում․ Դրսի ուժերի ՄԵԾ աջակցությամբ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու մասին Սերժ Սարգսյանը ե՞րբ է իմացել, այն ժամանակ, երբ վարչապե՞տ էր, թե՞ դրանից հետո։
Եթե իմացել է վարչապետ ժամանակ, ապա ինչու՞ համապատասխան միջոցներ չի ձեռնարկել ԴՐՍԻ ՈՒԺԵՐԻ օժանդակությամբ Հայաստանում իշխանափոխության գործընթացը խափանելու և օտարերկրյա դավադրությունը խափանելու համար։ Իսկ եթե պաշտոնաթողությունից հետո է իմացել, ապա ովքե՞ր են իրեն նման տեղեկություն հաղորդել և ամենակարևորը՝ ինչու՞ հիմա չի հայտնում, թե ո՞ր ուժերը կամ ո՞ր երկրներն են աջացկել Նիկոլ Փաշինյանին։
Իսկ Ալիևին ՆՎԵՐ մատուցելու հանգամանքի առումով շատ պարզ է. Սերժ Սարգսյանը պարտավոր է հանրությանը հայտնել, թե ի՞նչ է կատարվել Արցախյան գործընթացում 2016թ․ հունվարից հետո, և մեր հազարավոր երեխաների արյան հաշվին ովքե՞ր են նվեր մատուցել Ալիևին․․․»։