Պետական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ:
Իր և Սենատի անունից բարի գալուստ մաղթելով Հայաստանի նախագահին՝ Մարիա Կազելատին ևս մեկ անգամ գոհունակությամբ է նշել այն ամուր կապերը, որ գոյություն ունեն երկու երկրների միջև: Նա ասել է, որ 2018թ. Իտալիայի նախագահի պետական այցը Հայաստան և այսօր Հայաստանի նախագահի պետական այցը Իտալիա մեծ խթան են երկու երկրների համագործակցության համար: Մշակույթը համարելով երկկողմ փոխգործակցության էական բաղադրիչ՝ նա կարևորել է Երևանում 2018թ. բացված՝ Իտալիայի Մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնի գործունեությունը:
Համաձայնելով, որ երկու երկրների հարաբերությունների առանցքում պատմական և մշակութային կապերն են, Հայաստանի նախագահը ասել է, որ մեր ժողովուրդները հազարամյակների պատմական առնչություններ ունեն, իսկ վերջին երկու հազար տարիներին՝ նաև համատեղ քրիստոնեական պատմություն: «Մենք ժողովուրդներ ենք, որոնք մշակույթը, գիտելիքը, արվեստը միշտ շատ բարձր են գնահատել»,– նշել է նախագահ Սարգսյանը:
Հայաստանի նախագահը կարևորել է իր օտարերկրյա այցերի շրջանակում օրենսդիր մարմինների ղեկավարների հետ հանդիպումները՝ նկատի ունենալով խորհրդարանների կարևոր դերը միջպետական հարաբերությունների զարգացման, փոխվստահության և փոխըմբռնման մթնոլորտի ձևավորման գործում: «Շահագրգռված ենք առավել սերտ կապեր տեսնել երկու երկրների խորհրդարանների միջև, այդ թվում՝ միջազգային կազմակերպություններում, միջխորհրդարանական վեհաժողովների շրջանակներում»,– ասել է նախագահ Սարգսյանը:
Զրուցակիցները խոսել են նաև տարածաշրջանայի զարգացումների և խնդիրների մասին: Նախագահ Սարգսյանը մասնավորապես անդրադարձել է մարդասիրական խնդիրներին, այդ համատեքստում նշել, որ, չնայած միջազգային հանրության ջանքերին և կոչերին, Ադրբեջանն առ այսօր շարունակում է անազատության մեջ պահել հայ ռազմագերիներին:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ուղղություններին և հեռանկարներին: