Ադրբեջանը շարունակում է արգելափակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելության մուտքը վտանգված հայկական մշակութային ժառանգության վայրեր․ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի մեկնաբանությունը Ադրբեջանի ԶՈՒ կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարի կրկնակի ռմբակոծման մեկ տարվա կապակցությամբ

2020թ. հոկտեմբերի 8-ին Արցախի և նրա ժողովրդի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը գերճշգրիտ զինատեսակներով կրկնակի օդային հարվածներ հասցրին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին՝ վերջինիս պատճառելով զգալի ավերածություններ: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հաշված օրեր անց նույն եկեղեցին ենթարկվեց վանդալիզմի և սրբապղծման։ Շուշիի Մայր տաճարի ֆիզիկական վնասմանը զուգահեռ Ադրբեջանը չի դադարում փորձերը` խեղաթյուրելու եկեղեցու հայկական ինքնությունը, որն իրականացվում է վերանորոգման պատրվակով եկեղեցու ճարտարապետական տեսքի փոփոխման միջոցով:

Պաշտամունքի վայրի կրկնակի դիտավորյալ հրիթառակոծումը ոչ միայն միջազգային իրավունքով, մասնավորապես՝ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թվականի կոնվենցիայով և դրան կից երկրորդ արձանագրությամբ (1999 թ.) դատապարտելի հանցագործություն է, այլ նաև մտադրությունների խորհրդանշական բացահայտում․ այն Արցախի տարածքում հայկական ներկայության ցանկացած հետքի բնաջնջմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության ակնհայտ դրսևորում է:

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայից մեկ տարի անց Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում գտնվող շուրջ 1500 պատմամշակութային ժառանգության և պաշտամունքի վայրերի, ինչպես նաև հազարավոր թանգարանային նմուշների ճակատագիրը շարունակում է մնալ անորոշ և վտանգված:

Բազմաթիվ են ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական եկեղե­ցիների, մշակութային և կրոնական այլ հուշարձանների միտումնավոր ոչնչացման և վանդալիզմի փաստագրված դեպքերը։ Բացի այդ, դրանց ֆիզիկական ոչնչացման հետ մեկտեղ ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից հետևողական կերպով իրա­կանացվող պատմական փաստերի կեղծմանը և հայկական հուշարձանների ինքնության խեղաթյուրմանը:

Այս համատեքստում, թերևս, պատահական չէ, որ Ադրբեջանը շարունակում է արգելափակել կամ հնարավորինս սահմանափակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելության մուտքը դեպի վտանգված հայկական մշակութային ժառանգության վայրեր` փորձելով կոծկել իր կողմից գործած պատերազմական հանցագործությունները:
Ժողովուրդների մշակութային ու հոգևոր ժառանգություն հանդիսացող պատմամշակութային հուշարձանների և պաշտամունքի վայրերի դեմ ուղղված վայրագությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը, հակասում են համամարդկային արժեքներին և խստագույնս դատապարտելի են։

Շուշիի Մայր տաճարը Արցախում Հայ Առաքելական եկեղեցու կարևոր կենտրոններից է, և հայ եկեղեցու սպասավորներն ու հետևորդները պետք է անարգել մուտք ունենան այդ սրբատեղի: