«Արցախում հանրահավաքի հստակ մեսիջը Փաշինյանին լինելու է այն, որ արցախահայությունը կողմ չէ վաշինգտոնյան ծրագրին». Դավիթ Գալստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը

Պարո՛ն Գալստյան, հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք է նախատեսված, կմանրամասնեք նպատակների մասին, որովհետև կարծիքներ են հնչում, թե դա Նիկոլ Փաշինյանին ճնշելու համար է արվում, քանի որ հաջորդ օրը նա Սոչիում հանդիպելու է Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հետ:

-Հանրահավաքի նպատակը ոչ թե ինչ-որ մեկին ճնշելն է, այլ Արցախի հստակ դիրքորոշումն արտահայտելը, թե մեզ համար ինչ տարբերակներ են անընդունելի:

Դա պետք է հստակ հիմք հանդիսանա Արցախի անունից բանակցողի համար: Իհարկե հստակ դիրքորոշում հայտնվելու է հանրահավաքի ժամանակ, թե որ տարբերակն է մեզ համար ընդունելի հետագա բանակցային սեղանին դրվելու համար, որպեսզի Արցախի անունից բանակցողները դա ընդունեն ի գիտություն ու հետայսու շարժվեն այդ սկզբունքներով:

Հանրահավաքի մասին հայտարարությունից հետո խոսակցություններ շրջանառվեցին, թե Արցախի գյուղերի գյուղապետարանների, դպրոցների, մանկապարտեզների ու բոլոր այլ հաստատությունների անձնակազմերին, շարքային բոլոր այլ արցախցիներին ասվել է, որ անպայման ներկա լինեն հանրահավաքին, որից հետո էլ նախատեսված է Ռուսաստանին միանալու հանրաքվե անցկացնել։ Ի՞նչ կասեք այս լուրերի մասին:

-Բոլոր քաղաքական ուժերով համատեղ կոչ ենք արել մեր համերկրացիներին՝ միահամուռ մասնակցել այդ հավաքին, միայն այսքանը:

Իսկ մնացած լուրերն իրականության հետ ընդհանրապես որևէ աղերս չունեն, դա երևի այլ ուժեր են տարածում, որպեսզի հանրահավաքին բացասական երանգներ հաղորդեն:

Արցախահայությունը 88 թվականից սկսած ինքնորոշման խնդիր է բարձրացրել, ու այս հանրահավաքը 88-ի մեր շարժման շարունակությունն է լինելու:

Պարո՛ն Գալստյան, ՌԴ նախագահը երեկ հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի արևմտյան տարբերակը ենթադրում է ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս, ու եթե Հայաստանն ընտրի այդ տարբերակը, իրենք աջակցելու են: Ձեր կարծիքով՝ Հայաստանի իշխանությունը ա՞յդ տարբերակը կընդունի:

-ՌԴ նախագահը ոչ միայն հղում էր անում Հայաստանի իշխանություններին, այլ նաև ժողովրդին, և հենց հանրահավաքի նպատակն էլ այն է, որ ժողովրդի ձայնը հասանելի դարձնենք այսպես կոչված ժողովրդավար Նիկոլ Փաշինյանին:

Հանրահավաքի հստակ մեսիջը Նիկոլ Փաշինյանին լինելու է այն, որ արցախահայությունը կողմ չէ վաշինգտոնյան ծրագրին, որով Արցախը համարվում է Ադրբեջանի մաս: Նա պետք է հրաժարվի այս գաղափարից: Հայաստանի իշխանությունների՝ քաղաքական դաշտ նետած օրակարգը, թե իբր Արցախի հարցը փակելով, իրենք փրկում են Հայաստանը՝ 29800 քառակուսի կիլոմետրով, կեղծ օրակարգ է, իրենք ընդամենը ուզում են այս կործանարար ծրագիրը ներկայացնել որպես փրկություն: 

Եռակողմ հանդիպումից ի՞նչ սպասելիքներ ունեք, և նախորդ հարցիս պատասխանը խնդրեմ՝ իշխանությունը կընտրի՞ արևմտյան տարբերակը:

Ես համոզված եմ: Մեկ անգամ չէ, որ ասել եմ, թե այսօրվա իշխանությունները հայակործան քաղաքականություն են վարում, ու նրանք, պարտված իշխանություն լինելով, ոչ մի ձևով չեն կարողանում հավասարը հավասարի հետ բանակցել:
Իրականում Հայաստանը կողմ է բոլոր այն որոշումներին, որը Հայաստանին կբերի խաղաղություն, բայց իր համար էական չէ, թե Արցախի մասով ինչ լուծումներ կլինեն:

Փաշինյանը մտածում է՝ Արցախը հանձնելով կփրկի Հայաստանը, բայց բոլորս պետք է հասկանանք, որ Արցախն ու Հայաստանը միևնույն անվտանգային համակարգն են, ու առանց մեկը մյուսի չկա փրկություն, կա՛մ պետք է երկուսով փրկվենք, կա՛մ կործանվելու ենք երկուսով: Պետք է զերծ մնալ այս գաղափարից, թե Հայաստանի հաշվին կարող ենք Արցախը փրկել և հակառակը, մեկս մյուսին օգնելով միայն կարող ենք այս արհավիրքներից պատվով դուրս գալ:


Հանդիպումից, ցավոք սրտի, դրական ակնկալիքներ չունեմ, սակայն մենք մտածում ենք, որ ամսի 30-ի հանրահավաքը նաև միջազգային այդ խաղացողներին լսելի կդարձնի արցախահայության կարծիքը, ու որ իրենք պետք է հաշվի նստեն այդ կարծիքի հետ:

Ռուբեն Վարդանյանի պաշտոնավարումից արցախցիներն ի՞նչ ակնկալիքներ ունեն, ու դա ի՞նչ կփոխի ներքաղաքական կյանքում:
https://medialab.am/240374/

-Մի անգամ արդեն հրապարակային ասել եմ, որ Ռուբեն Վարդանյանի պաշտոնավարումը դեռ չի սկսվել, ու մենք ծանոթ չենք, թե ինչ ծրագրով է նա ներկայանալու, երբ տեղյակ լինենք այդ ծրագրերին, կարող ենք ինչ-որ բան ասել: Մենք անձերին երբևէ գնահատական չենք տվել ու չենք տալիս, կատարած աշխատանքին ենք գնահատական տալիս:

Իսկ լուրերը իրականությանը համապատասխանո՞ւմ են, ըստ որոնց՝ Ռուբեն Վարդանյանի պաշտոնի նշանակումը հող է նախապատրաստում Արցախում նախագահի փոփոխության:

-Դրանք ասեկոսեներ են, որոնք ո՛չ կարող եմ հերքել, ո՛չ հաստատել, համենայնդեպս, հավաստի աղբյուրներից նման ինֆորմացիա չկա:


Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am