Կորոնավիրուսից մահացած ծննդկանը 30 տարեկան էր. Factor.am

Կորոնավիրուսային հիվանդության բարդացումներից երեկ մահացած ծննդկանը 30 տարեկան էր, նա ծննդաբերել էր մահվանից մի քանի օր առաջ․ Factor.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից։

Չնայած մասնագետների գործադրած ջանքերին՝ կնոջ կյանքը փրկել չի հաջողվել, իսկ նորածնի կյանքին վտանգ չի սպառնում։ Կինը կորոնավիրուսի դեմ պատվաստված չի եղել։

Առողջապահության նախարարությունը հորդորում է պատվաստվել անվտանգ հղիության և առողջ երեխաներ ունենալու համար, միաժամանակ հիշեցնում, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերն անվտանգ են հղիություն պլանավորողների և հղիների համար և պաշտպանում են վերջիններիս վարակի բարդացումներից։

Նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը Factor.am-ի հետ զրույցում հիշեցրեց, որ այս պահին Հայաստանում շրջանառվում է կորոնավիրուսի դելտա շտամը, որն արագ տարածման միտում ունի, բացի այդ այն չի խնայում նաև երիտասարդներին։ Նշենք, որ անցյալ տարի Հայաստանում կորոնավիրուսով վարակված 5 հղի է մահացել։ 2021 թվականին էլ արձանագրվել է 4 դեպք: