Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Խաթիբզադեն հերքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդումները, որ Երևանն ու Թեհրանը համատեղ թմրաշրջանառությամբ են զբաղվում։ Գրում է IRNA գործակալությունը։
Խաթիբզադեն նշել է, որ նման մեղադրանքները ծառայում են Սիոնիստների ռեժիմի շահերին ու ազդում իրանաադրբեջանական եղբայրական հարաբերությունների վրա։ Ընդգծելով թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարում Իրանի դերը ՝ նա ասել է, որ այդ երևույթի դեմ պայքարում վերջին չորս տասնամյակի ընթացքում հազարավոր մարդիկ են զոհվել և վիրավորվել, և դա խոսում է այդ հարցում Իրանի ջանքերի մասին, որոնք կարող են նաև միջազգային մարմինները հաստատել։
Խոսելով երկու երկրների ամուր հարաբերությունների մասին` Խաթիբզադեն ասել է, որ չնայած Բաքվից ստացված դրական ու մասնավոր հաղորդագրություններին՝ Բաքուն մտադիր է մեդիաների անհիմն հայտարարություններով հանդես գալ, որոնց, իհարկե, կտրվի համարժեք պատասխան։
Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստում իր ելույթում հայտարարել էր, որ 30 տարի շարունակ Իրանն ու Հայաստանը ԼՂ տարածքն օգտագործել են դեպի Եվրոպա թմրանյութերի ապօրինի արտահանման համար:
Աղբյուր՝ Factor.am