Չնույնականացված աղբյուրի տեղեկատվությունը տարածելիս ԶԼՄ-ն չի ազատվի պատասխանատվությունից

ՀՀ ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի հարցերով հանձնաժողովը հավանություն տվեց ՔՊ-ի ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթին, որով ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է սահմանել, որ չնույնականացված աղբյուրներին հղում կատարելու կամ նրանց տարածած տեղեկատվությունը տարածելու դեպքում լրատվամիջոցները չեն ազատվի պատասխանատվությունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողովի նիստում ներկայացրեց համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը:

«Նախագծով առաջարկվում է օրենքում սահմանել նոր՝ չնույնականացված աղբյուրներ հասկացությունը: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ նոր հարթակներ են ստեղծվել, որոնք իրենց հետ բերել նաև նոր ռիսկեր և վերահսկողական նոր խնդիրներ են առաջացրել: Նոր հարթակները թե «Ֆեյսբուք»-ում, թե «Տելեգրամ»-ում, թե մի շարք այլ սոցիալական հարթակներում են ստեղծվում: Դրանք չունեն նույնականացման տվյալներ, հնարավոր չէ պարզել դրանց տնօրինողին, հետևաբար նաև հնարավոր չէ պարզել, թե ինչ նպատակով են ստեղծվել»,-ասաց Հովհաննիսյանը:

Այսպիսով` առաջարկվում է սահմանել չնույնականացված աղբյուր՝ համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվ կամ ալիք կամ էջ, որի տնօրինողի նույնականացման տվյալները բացակայում են, կամ ակնհայտ կեղծ են կամ թերի են, եթե այդ թերությունը թույլ չի տալիս նույնականացնել աղբյուրը տնօրինողին: Այնուհետև փոփոխությամբ առաջարկվել է սահմանել այն նույնականացման տվյալները, որոնք անհրաժեշտ են օնլայն տիրույթում գործունեություն իրականացնողների համար:

Օրենքը սահմանում է այն բոլոր դեպքերը, երբ լրատվական գործունեություն իրականացնողներն ազատվում են պատասխանատվությունից, այն է՝ հրապարակման, ելույթի և այլ հղումների դեպքում լրատվամիջոցն ազատվում է պատասխանատվությունից: «Խնդիր էր առաջանում, երբ լրատվամիջոցը հղում էր կատարում մի աղբյուրի, որի տնօրինողի մասին մենք  որևէ տեղեկություն չունեինք, և հետո պատասխանատվության կանչելու խնդիր էր առաջանում: Հիմա մենք 9-րդ հոդվածում փոփոխություն ենք կատարել՝ սահմանելով, որ չնույնականացված աղբյուրներին հղում կատարելու կամ նրանց տարածած տեղեկատվությունը տարածելու դեպքում լրատվամիջոցները չեն ազատվում պատասխանատվությունից:

Լրագրողների հավատարմագրման կարգի մասին դրույթում ևս փոփոխություն է իրականացվել: «Եթե լրատվամիջոցը չի ներկայացնում ֆինանսական հաշվետվություն և չի ներկայացրել այն նույնականացման տվյալները, որոնք սահմանվում են օրենքում, ապա տվյալ լրատվամիջոցի հավատարմագրման մասին դիմումը ենթակա է մերժման»,-ասաց Հովհաննիսյանը:

«Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյան սա համարեց ԶԼՄ-ների գործունեությունը կաշկանդող, սահմանափակող նախագիծ: Ըստ պատգամավորի՝ ԶԼՄ-ների վրա դրվում է մի պատասխանատվություն, որը ըստ էության չի մտնում ԶԼՄ-ի բուն առաքելության, ֆունկցիաների մեջ, ԶԼՄ-ի վրա դրվում է հետախուզական պարտավորություն:

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշեց. «Այս նախագծում չկա ոչ մի ավելորդ ծանրաբեռնվածություն կամ իրավական բեռ, որը դրվել է լրագրողների կամ լրատվական գործունություն իրականացնողների վրա՝ կապված անանուն աղբյուրին հղում տալու հետ: Կա հստակ մի բան, որ լրագրողը պարտավոր չէ անանուն աղբյուրը բացահայտել, բայց դա չի նշանակում, որ նա ազատվում է պատասխանատվությունից»:

 Նախարարի խոսքով՝ ամբողջ աշխարհում պրակտիկան հետևյալն է՝ լրագրողը կարող է ունենալ անանուն աղբյուր, բայց դրա համար պատասխան տալիս է լրագրողը, լրատվամիջոցը: Պատգամավոր Էլինար Վարդանյանն առաջարկեց քվեարկությունը հետաձգել և քննարկում կազմակերպել ԶԼՄ-ների հետ՝ հասկանալու նրանց տեսակետները: Հեղինակը չընդունեց առաջարկը: Նախագիծը քվեարկությամբ դրական եզրակացություն ստացավ: