Իրական ոչմիթիզականությունը դուք հիմա եք տեսնելու

Մհեր Արշակյան

Ինչպե՞ս հասկանալ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ճշմարտությունն է ասում՝ իր «հակահայկական, թրքական» գաղափարներն անցկացնելու համար մարդը փող չի բաժանում։ Իսկ Քոչարյանն ասում է, որ հետ է վերադարձնելու Շուշին ու Հադրութը ու ըստ մամուլում հրապարակված տարբեր լուրերի, փող է բաժանում։

Որովհետև գիտի, որ չի վերադարձնելու։ Որովհետև ոչ մի կասկած չկա, որ բանակցություններով տարածքների վերադարձը բացառվում է։

Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հարցազրույցը շատերին է տագնապեցրել, ասում են՝ բաց տեքստով ասաց՝ Ղարաբաղի հարցի միակ լուծումը Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն է։

Պետք է ուշադիր լինել, Տեր-Պետրոսյանը հարցի լուծման մասին չի խոսում, նա ասում է՝ իսկ այլընտրանք ունե՞ն այդ հարցով այսօր զբաղվողները։ Չունեն։

Լևոն Տեր-Պետրոսյանը, եթե անկեղծ, ինձ վիրավորում է իր ճշմարտություններով։ Դրանք այնքան պարզ են ու տրամաբանական, դրանք այնքան ճիշտ են, որ տպավորություն ունեմ, թե վերջին դեբիլներին է ասում, որ հասկանան։

Ո՞վ կարող է պնդել, որ Հայաստանի որևէ իշխանություն ունի Արցախի հարցի լուծումը նոյեմբերի 9-ից հետո։ Բայդենն էլ չի կարող, Պուտինն էլ։ Մոռացե՛ք։ Ձեզ շատ հստակ են ասում՝ դաշնակիցներ չունեք։ Ձեր դաշնակիցը կամ ատոմային ռումբն է, կամ Կասպից ծովը, որը կարող է ջրահեղձ անել Ադրբեջանը։

Կարգավիճակի մասին այսօրվա խոսակցությունները Հայաստանի թեման չեն։ Հայաստանը, կրկնում եմ, որևէ լծակ չունի։ ՉՈՒՆԻ։

Հայաստանը բացարձակապես ոչինչ չունի Արցախի հարցի լուծման դերակատար լինելու համար, միակ լծակը ղարաբաղցի հայերն են, որոնց դեռ պետք է կարողանանք համոզել մնան Ղարաբաղում։

Հետևաբար ի՞նչ կարող է անել Հայաստանը. նախ՝ բարելավել կյանքը Ղարաբաղում։ Ունի՞ այդքան փող։ ՈՉ։ Կունենա՞ այդքան փող։ ՈՉ։

Գնացեք և մեր բիզնեսմեններին հարցրեք, թե ով ինչ բիզնես ունի Հայաստանից դուրս։ Մեր բիզնեսմենները ապոկալիպտիկ մտածողություն ունեն Հայաստանի մասին։ Հայաստանը վերջին երկիրն է, որտեղ ներդրում են անում նույն Խաչատուր Սուքիասյանն ու Գագիկ Ծառուկյանը։ Ալեքսանյան Սամվելն էլ բիզնես կայսրության ներկայացուցիչ է, բայց նրա փողն էլ այստեղ չէ, հո հարիֆ չէ։

Այո՛, Լևոն Տեր-Պետրոսյանը չի խոսում Ղարաբաղի ապագայից, բայց ի՞նչ տարբերակներ կան բնության մեջ։ «Անջատում հանուն փրկության» տարբերակի մասին մարդը խոսել է։ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է այս տարբերակին հակված։

Բայց հիշեք էական միտքը՝ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ ՉԿԱՆ։

Համաձա՞յն եմ այն ամենի հետ, ինչ Ղարաբաղի հարցով ասում է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ո՛չ։ Բայց հակառակ ասելիքն էլ չունեմ։ Որովհետև ճշմարտության հետ չհամաձայնելը իմ քմահաճույքն է, հենց այս քմահաճույքն է կոչվում հայդատականություն, ոչմիթիզականություն։

Ընկերնե՛ր, ոչմիթիզականությունը ամենավատ բանը չէ։ Բայց իրական ոչմիթիզականությունը դուք հիմա եք տեսնելու, երբ Ադրբեջանը չի տալու ոչ Շուշին, ոչ էլ Հադրութը, դեռ փորձելու է Մեղրիից ավտոնոմ միջանցք պոկել, ու եթե չստացվի էլ, մեծ դարդ չի ապրելու։ Բայց Ադրբեջանը մեզ իդեալական դաս է տալու, թե ինչպիսին պետք է լինի ոչմիթիզականությունը։

Ոչմիթիզականությունը մի ճոխություն է, որն իրենց թույլ են տալիս միայն նրանք, որոնք տարածքներ են գրավում զարգանալու համար, ոչ թե Գագիկ Ծառուկյան, Արթուր Վանեցյան կամ Խաչատուր Սուքիասյան ունենալու համար։

Իրական ոչմիթիզականությունը վերաբերում է յուրաքանչյուրին, երբ ապրեցնում ես գրավածդ ամեն միլիմետրը։ Երբ այդ միլիմետրն ինքն է բղավում իր կենսունակությունը։ Իսկ մենք հո այս սխալները գործե՞լ ենք։ Գործել ենք։ Ադրբեջանցին հավ պիտի լինի նույն սխալներն անելու համար։

Ահա ինչու մեր ոչմիթիզականությունն այսօր Լեռնային Ղարաբաղը պահելն է գոնե այն սահմաններում, որ ունենք, և նրա ամեն միլիմետրը ապրեցնելը։ Հարցերի հարցն այն է, թե մե՞նք ենք ապրեցնելու Ղարաբաղը, թե՞ ռուսները։

Մհեր Արշակյան

MediaLab.am