«Գեղարքունիքում ՌԴ սահմանապահների տեղակայումը կփոխի ամբողջ քաղաքական և միջազգային դիսկուրսը». Ալեքսանդր Մարկարով

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը

– Պարո՛ն Մարկարով, գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ բանակցություններ են ընթանում Գեղարքունիքի մարզում ռուս սահմանապահներ տեղակայելու մասին: Ինչի՞ հետևանք է սա, դրա անհրաժեշտությունը կա՞:

– Հետպատերազմական իրավիճակում Հայաստանում ի հայտ եկան հանգամանքներ, որոնք, ըստ էության, փոխեցին գոյություն ունեցող սահմանի բնույթն ու բովանդակությունը այն տեսանկյունից, որ նախկինում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանը սահմանակից էր չճանաչված Արցախի Հանրապետության տարածքի հետ, իսկ այսօր՝ հետնոյեմբերյան փաստաթղթի ստորագրումից հետո, առաջացան հարցեր, որոնք պահանջում են լուծումներ տրամադրել:

Քանի որ սահմանները բավականին երկարել են, և պահանջվում են համապատասխան մարդկային ու տեխնիկական ռեսուրսներ՝ պետության անվտանգությունը ապահովելու համար, այս նպատակով պետությունը կարող է կիրառել տարբեր միջոցներ՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը:

Ռուսաստանի Դաշնության սահմանապահների տեղակայումը ի՞նչ հնարավոր հետևանքներ կամ արդյունքներ կունենա Հայաստանի համար:

– Սահմանապահների տեղակայման փաստը ունենալու է երկակի բնույթ: Մի կողմից Ռուսաստանը հանդիսանալու է սահմանային պաշտպանության մի օղակ, իսկ մյուս կողմից՝ ավելացնելու է Ռուսաստանի դերը որպես անվտանգային գործոնի ոչ միայն սահմաններին, այլ տարածաշրջանում ընդհանրապես՝ որպես շարունակություն իրենց խաղաղապահ գործառույթին:

Ըստ էության, դա մեր քաղաքական օրակարգում կփոխի ամբողջ քաղաքական և միջազգային դիսկուրսը: Եթե նախկինում մենք խոսում էինք Արցախի և Ադրբեջանի շփման գծում խաղաղապահների հնարինության ու անհնարինության մասին, ապա այսօր քննարկման հիմնական թեման հայ-ադրբեջանական հարաբերություններն են, հայ-ադրբեջանական սահմանն ու դրա հետ կապված անվտանգային հարցերը: Արդյունքում՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցին գումարվում է անվտանգային ընդհանուր դիսկուրսը:

Պարո՛ն Մարկարով, կարո՞ղ ենք արձանագրել, որ Հայաստանն ի վիճակի չէ պաշտպանելու իր անվտանգությունը, դրա համար էլ դիմում է այս քայլին:

– Ի վիճակի չի լինելու իր սահմանները պաշտպանել այն ժամանակ, երբ ներխուժում կունենա Հայաստանի տարածք, որի մի մասը գրավված կլինի հակառակորդի կողմից: Այդ ժամանակ կարձանագրենք ունակության բացակայությունը:

Իսկ առայժմ փորձ է արվում կիրառել հնարավոր գործողությունները այլ դաշնակիցների հետ միասին՝ սեփական ռեսուրսների սահմանափակության պայմաններում, իրականացնել այն գործառույթը, որը միտված է անվտանգության ապահովմանը:

Լավ կլիներ, որ այս անվտանգության առաջնային երաշխավորը լիներ սեփական ռեսուրսը, բայց ունենք այն, ինչ ունենք:

-Ռուս սահմանապահների տեղակայումից հետո ի՞նչ իրավիճակ է լինելու, դա կարո՞ղ է սահմանազատման հիմք կամ պատճառ հանդիսանալ:

-Եղած տեղեկությունը հիմք ընդունելով՝ կարող ենք ասել, որ այդ սահմանապահ զորքերը գտնվելու են հայաստանյան կողմում: Այսինքն՝ խոսքն այն մասին է, որ կարիք կա հասկանալու սահմանի հստակության կետերը:

Բայց ենթադրվում է, որ ոչ թե մենք տարածք ենք հանձնում, այլ ուղղակի սահմանին կանգնած են լինելու ոչ թե կամ ոչ միայն հայկական, այլ նաև ռուսական ստորաբաժանումներ:

– Պարո՛ն Մարկարով, իսկ եթե միայն ռուսական սահմանապահ ստորաբաժանումներ տեղակայվեն, իսկ ինչպես հասկացանք ԳՇ պետի խոսքից՝ այդպես էլ լինելու է, և երկու երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի զորքերը հե՞տ են քաշվելու:

– Այդ դեպքում պետք է արձանագրել, որ սահմանապահ զորքերը և զինվորական ուժերը տարբեր նպատակների համար ծառայող ստորաբաժանումներ են և ունեն տարբեր գործառույթներ:

Ըստ էության, խոսքն այն մասին է, որ սահմանապահ գործառույթը կիրականացնի այն ստորաբաժանումը, որն ունի համապատասխան գործառույթներ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am