Հայտնի են «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփում է 2021 թ. «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները: 

Լավագույնների ընտրությունը կայացել է այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ԿԳՄՍ նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների և ՀՀ հավաքական թիմերի գլխավոր մարզիչների քվեարկության համադրությամբ:

Այսպիսով, 2021 թվականի 10 լավագույն մարզիկներ են ճանաչվել. 

Ալեքսանյան Արթուր – հունահռոմեական ըմբշամարտ

Ամոյան Մալխաս – հունահռոմեական ըմբշամարտ

Բաչկով Հովհաննես – բռնցքամարտ

Դանիելյան Էլինա –շախմատ

Դավթյան Արթուր – սպորտային մարմնամարզություն

Լալայան Վարազդատ – ծանրամարտ

Հարությունյան Արսեն – ազատ ոճի ըմբշամարտ

Մարտիրոսյան Սիմոն – ծանրամարտ

Մինասյան Գոռ – ծանրամարտ

Չալոյան Դավիթ – բռնցքամարտ 

2021 թվականի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում SMS քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի  Մ23 տարեկանների հաղթող, աշխարհի չեմպիոն, 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը։ Քվեարկությանը 7704 մարդ է մասնակցել:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ ձևավորվել է շատ ուժեղ տասնյակ. «Կարծում եմ՝ շատ օբյեկտիվ և շատ ուժեղ տասնյակ է: Շատ արժանի մարզիկներ են տասնյակում և նրանք կստանան պետության կողմից սահմանված մրցանակները:  Մարզիկները տասնյակում դասավորվել են ըստ այբբենական կարգի. որևէ նախընտրություն կամ առավելություն մեկը մյուսի նկատմամբ չունեն:

Շնորհավորում եմ բոլոր մարզիկներին: Նրանք, ովքեր չընդգրկվեցին տասնյակում, ընկճվել պետք չէ: Պետք է ուղղակի լավ մարզվել, լավ արդյունքներ ցույց տալ, օբյեկտիվորեն հավակնել ու լինել լավագույն տասնյակում»:

Հիշեցնենք, որ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի մրցանակային ֆոնդը 50 մլն դրամ է: Լավագույն տասնյակում ընդգրկված յուրաքանչյուր մարզիկ կստանա 4 մլն դրամ, ևս 1 միլիոն դրամ կհատկացվի նրանց մարզչական շտաբի անդամներին:

Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։