Շրջված «Գազելը» բանվորներ է տեղափոխելիս եղել․ Factor.am

Այսօր առավոտյան ժամը 07։04-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կիլոմետր հատվածում`Կաքավաձորի մոտ, քարերին ու արգելապատնեշներին բախված և շրջված «Գազելը», մեր տեղեկություններով, կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելիս չի եղել, գրում է Factor.am-ը։

Նախնական տվյալներով՝ մեքենայի ուղևորները եղել են բերքահավաքի նպատակով մեկնող բանվորներ։ Ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ փոխանցեցին, որ վիրավորներից 7-ին տեղափոխել են Երևան` Արմենիա բժշկական կենտրոն, 3-ին՝ Աշտարակի հիվանդանոց։

Հիվանդանոց տեղափոխվածներից մի քանիսի ինքնությունը ճշտվել է, 3-ը գյումրեցիներ են, վիրավորների մեջ կան նաև Վանաձորի բնակիչներ։ Ոստիկանության պաշտոնական կայքի հաղորդմամբ ձեռնարկվում են միջոցառումներ՝ վարորդի, մահացածների և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը պարզելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն։