Լավրովը Հռոմում հանդիպում կունենա Չավուշօղլուի հետ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շաբաթ օրը Հռոմում հանդիպում կունենա Թուրքիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Մևլութ Չավուշօղլուի և Ժան-Իվ Լե Դրիանի հետ։ Հռոմում հոկտեմբերի 30-31-ին ընթանում է G20-ի գագաթնաժողովը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝  Լավրովը Հռոմում մասնակցում է G20-ի գագաթնաժողովին:

«Մեծ քսանյակը» (Group of 20, G20) տնտեսապես առավել խոշոր և ազդեցիկ զարգացած և զարգացող երկրների ոչ պաշտոնական միավորում է, որը հիմնվել է ԱՄՆ-ի և Կանադայի նախաձեռնությամբ 1999 թվականի գագաթնաժողովի շրջանակներում ՝ որպես 19 երկրների (Ավստրալիա, Արգենտինա, Բրազիլիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Հնդկաստան, Ինդոնեզիա, Իտալիա, Կանադա, Չինաստան, Մեքսիկա, Կորեայի Հանրապետություն, Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, ԱՄՆ, Թուրքիա, Ֆրանսիա, ՀԱՀ, Ճապոնիա) և ԵՄ-ի ֆինանսների նախարարների ամենամյա հանդիպում: Իսպանիան, ինչպես նաև ՄԱԿ-ը, ԱՄՀ-ն, Համաշխարհային բանկը, Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, Աշխատանքի միջազգային կազմակերպությունը, ՏՀԶԿ-ն, Ֆինանսական կայունության խորհուրդն ունեն կազմակերպության մշտական դիտորդների կարգավիճակ։

Աղբյուր՝ Factor.am