Երևանում. 51-ամյա ամուսինը խեղդամահ է արել 46-ամյա կնոջը, ապա ինքնավնասում է արել.Shamshyan

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Սուվորովի փողոցի տներից մեկում կնոջ դի կա, իսկ մեկ հոգի էլ՝ վիրավոր: 

Ոստիկաններն ու քննիչները նշված տան խոհանոցում՝ հատակին, հայտնաբերել են կնոջ դի: 

Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Յուրա Պապյանը և Մկրտիչ Ումրշատյանը:

Փաստի առթիվ Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է  քրեական գործ և ստեղծվել է քննչական խումբ: 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ,  ովքեր հրաժարվեցին տեսախցիկի  առաջ խոսել, ասում էին. «Պարեկները էդ տղամարդուն որ տարան՝ էդ տան ամուսինն էր: Կնոջը խեղդելով՝ սպանել է, իսկ հետո իրեն ինքնավնասում արել: Եթե ոստիկաններն ու քնիիչները շուտ չգային, երևի ինքն էլ արնաքամ լիներ, մահանար: Բայց, թե ինչն է պատճառը եղել, որ նման դեպք է տեղի ունեցել, մեզ համար առեղծված է»: 

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը՝ նույն հասցեի բնակիչ, 46-ամյա  Լուսինե Ք.-ն էր, իսկ պարեկների կողմից հիվանդանոց  տեղափոխվածը՝ նրա ամուսինն է՝ 51-ամյա Արթուր Խ.-ն: