ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղարը վարակվել է կորոնավիրուսով

Սպիտակ տունը հայտնել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակիի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին։ Նշվում է սակայն, որ վերջինս չի շփվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և G20-ի գագաթնաժողովին ԱՄՆ պատվիրակությունն ուղեկցող անձանց հետ։ Այս մասին հաղորդում է NBC-ն։

Նախապես ակնկալվում էր, որ Փսակին հինգշաբթի նախագահի հետ պետք է մեկներ Վաշինգտոն՝ ուղեկցելով նրան Իտալիա և Շոտլանդիա մեկշաբաթյա այցի ընթացքում, սակայն փոխարենը մեկնել է մամուլի քարտուղարի գլխավոր տեղակալ Կարին Ժան-Պիերը:

«Չորեքշաբթի Սպիտակ տան բուժանձնակազմի հետ որոշեցի չուղեկցել նախագահին իր արտասահմանյան ուղևորության ժամանակ՝ ընտանեկան հանգամանքներից ելնելով, քանի որ իմ տան անդամներից մեկի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել։ Այդ պահից ի վեր ես մեկուսացված եմ եղել ու ամեն օր թեստ եմ հանձնել, որը բացասական էր։ Սակայն այսօր թեստը դրական է եղել»,- ասվում է Փսակիի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տունը։

Նա վստահեցրել է, որ չի շփվել նախագահի կամ նրա շրջապատի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

«Վերջին անգամ նախագահին տեսել եմ երեքշաբթի, մենք դրսում էինք նստած՝ ավելի քան վեց ոտնաչափ հեռավորության վրա, և դիմակ էինք կրում»,- ավելացրել է նա: