2012-ին Լոնդոնում կորոնավիրուս չեն «բեմադրել»․ սոցցանցերի դավադրության տեսությունների հետքերով. Fip.am

Սոցցանցերում վերջին օրերին տարածվում են 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացման արարողությունից լուսանկարներ, որոնց կից նշվում է, թե դրանցում բեմադրված է Covid-19 համավարակը, ինչն էլ, իր հերթին, «ապացուցում է» այս վարակի արհեստածին լինելը։  

Լուսանկարները նույն պնդումով տարածվում են նաև Ֆեյսբուքի հայկական տիրույթում։ Հունիսի 2-ին Armine Araqelyan անունով օգտատերը, օրինակ, գրառում է արել այս թեմայով. «…Հարթակում բազմաթիվ հիվանդանոցի մահճակալներ են ու հիվանդ երեխաներ, որոնց վախեցնում է սատանան: Նաև պատկերավոր ցույց է տրված վիրուսի այն մոդելը, որն այսօր ներկայացվում է որպես կորոնավիրուս: Հիմա՞ էլ կպնդեք կորոնավիրուսի բնական տարածումը աշխարհում, իսկ որտեղից հայտնվեց 2012 թ․֊ին Covid-19-ի սցենարը Լոնդոնում»։ Օգտատիրոջ գրառումը բավական մեծ տարածում է գտել սոցիալական ցանցերում։

Տարածվող հրապարակումներում Մեծ Բրիտանիան «ներկայացվում է» որպես կորոնավիրուսի նոր հնարավոր կազմակերպիչ, սակայն սա դավադրության նոր տեսությունների շարքից է։ 

Աղբյուրը, անհեթեթ համեմատություններ կորոնավիրուսի հետ

Օգտատերն իր հրապարակման մեկնաբանություններում տեղադրել է ռուսալեզու տեսանյութի հղում` «Պանդեմիայի սցենարը. 2012 թ. Լոնդոնում Օլիմպիական խաղերի բացումը» (Сценарий пандемии- открытие Олимпийских Игр-2012 Лондоне) վերնագրով։ Տեսանյութը Յութուբում տեղադրել է Just a car անունով օգտատերը 2020 թ. ապրիլի 23-ին, և այն արդեն շուրջ 50 հազար դիտում ունի։ Տեսանյութում 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի այն հատվածն է, որտեղ, իբրև, բեմադրվել էր համավարակի տեսարանը։ շ

Սակայն նույն բովանդակությամբ տասնյակ հրապարակումներ կան սոցցանցերի այլ հարթակներում ևս՝ հարյուր հազարավոր դիտումներով։

Եթե դավադրության տեսությունների մյուս օրինակները, որպես կանոն, պարունակում են իրական տարրեր՝ նենգափոխված կամ  կոնտեքստից կտրված, ապա սոցցանցերում տարածվող համեմատությունները՝ այս բեմադրության և կորոնավիրուսի համավարակի միջև, իրականության հետ որևէ աղերս չունեն։ Օրինակ՝ բեմում տեղադրված ատրակցիոնը համեմատում են 5G աշտարակի հետ, իսկ հեքիաթի չար հերոսներին, որոնք հայտվում են գիշերը, կորոնավիրուսի հետ, և այդպես շարունակ։

Բեմադրությունն իրականում

Քննարկման առարկա բեմադրության ռեժիսորը Դաննի Բոյլն էր, նպատակը՝ ներկայացնել Բրիտանիայում և բրիտանացիների կյանքում երկրի գլխավոր առողջապահական մարմնի՝ Ազգային առողջապահական ծառայության դերը, մասնավորապես՝ Great Ormond Street Hospital-ի (GOSH), որը, ստեղծվելով 1948 թվականին, փրկել է միլիոնավոր երեխաների կյանքեր։ Օլիմպիական խաղերի բացման արարողությունների ժամանակ, առհասարակ, ընդունված է ներկայացնել հյուրընկալող երկրի պատմությանը և մշակութային առանձնահատկություններին բնորոշ բեմադրություններ։

Բեմադրության մասնակիցների մեծ մասը հենց GOSH-ի աշխատակիցներն ու պացիենտներն են։ Երեխաների համար հեքիաթ է կարդում «Հարրի Փոթերի» հեղինակը, և ասվում է, որ հեքիաթները, որ կարդում են երեխաները քնելուց մի քանի րոպե առաջ, դառնում են իրական։ Չար և բարի հերոսները, որոնք հայտնվում են բեմում, ոչ թե կորոնավիրուսի կամ որևէ այլ վարակի տարածման պատկերն են, այլ բրիտանական մշակույթի առանձին մասեր, որոնք հեղինակը անհրաժեշտ էր գտել ներկայացնել աշխարհին։

Բեմադրությունը 2012-ին ևս միանշանակ չէր ընդունվել, սակայն այն ժամանակ քննադատների հիմնական խնդիրը ոչ թե դրանում «թաքնված ենթատեքստն» էր, այլ Ազգային առողջապահական ծառայության դերի անհարկի մեծացումը։

Այսպիսով, 2012-ի Լոնդոնի Օլիմպիական խաղերի բեմադրությունը որևէ կերպ չի արտահայտում կորոնավիրուսի տարածման «սցենարը», իսկ սոցիալական ցանցերում տարածված հրապարակումները և մեկնաբանությունները մանիպուլյատիվ են և չեն համապատասխանում իրականությանը։

Անի Ավետիսյան

Fip.am