«Թող գնան իրենց պոլիկլինիկաները նայեն՝ ինչ վիճակ է, նոր ապահովագրություն ներդնեն». Փայլակ Թադևոսյան

«Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ նախագահ Փայլակ Թադևոսյանը պնդում է՝ առողջապահական համակարգի ապահովագրությունը նոր սոցիալական բեռ է լինելու հանրության համար:

«Այդ համակարգի ներդրումն այս պայմաններում սոցիալական լարվածություն է առաջացնելու, որի հետևանքները շատ ծանր կլինեն իշխանության համար»,-«Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Թադևոսյանը:

Հայատանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման մասին խոսակցությունները սկսվել են 2018-ից և ակտիվ քննարկման փուլ մտել 2019-ին, երբ առողջապահության նախարարը Արսեն Թորոսյանն էր:

Հունվարի 10-ին էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ոլորտի ներկայացուցիչների հետ կայացել է խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը:

Առողջապահության նախարարն ու փոխնախարարը, ըստ պաշտոնական հաղորդագրության, ներկայացրել են, որ հայեցակարգի մշակման գործընթացում ուսումնասիրվել են մի քանի մոդելներ, և հիմքում դրվել է պետական առողջապահական համակարգի գաղափարը:

«Բարեփոխման նպատակը պետության սոցիալական պատասխանատվության և բնակչության սոցիալական համերաշխության սկզբունքների հիման վրա առողջապահության կայուն ֆինանսավորման համակարգի ստեղծումն է և բնակչության բոլոր խմբերի համար բժշկական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիության ապահովումը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նույն աղբյուրի համաձայն՝ վարչապետը քննարկման մասնակիցներին ասել է, որ անհրաժեշտ է այնպիսի մոդելի ներդրում, որը կերաշխավորի ծախսարդյունավետ և որակյալ առողջապահական համակարգի գործունեությունը:

Ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում առողջապահության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը մանրամասնեց՝ նշելով, որ առողջության համապարփակ ապահովագրությունը «ավելի շատ սոցիալական ապահովության համակարգ է, որը պետք է պաշտպանի մեր բնակչության առողջությունը այնպիսի ֆինանսավորման մեխանիզմների ներդրումով, որոնք կկանխարգելեն առողջապահական ծախսերի հետևանքով քաղաքացիների կամ նրանց ընտանիքների հարստահարումը/աղքատացումը»: «Առողջության համապարփակ ապահովագրության համակարգերը արդյունավետ են աշխատում, եթե գործում են սոցիալական համերաշխության սկզբունքները և ընդգրկված են լինում բնակչության հնարավորինս լայն, այդ թվում՝ խոցելի շերտերը»,- նշել էր Թորոսյանը:

Հայեցակարգի պահանջները և մանրամասները դեռ չեն հստակեցվում, սակայն արդեն մի քանի տարի է՝ որպես համակարգի ներդրման ձև քննարկվում է, այսպես կոչված, առողջության հարկի մոդելը: Առայժմ պարզ չէ, թե որքան գումար է պահվելու աշխատողների աշխատավարձից, և դրա որ մասն է վճարելու գործատուն: Մասնագետները տատանվում են՝ 2-6 տոկոս: Այսինքն՝ առողջապահության կազմակերպիչները մտադիր են առողջության ապահովագրությունը դարձնել պարտադիր և աշխատող անձանց եկամտի այդքան մասը գանձել որպես առողջապահության հարկ:

2019-ին շրջանառության մեջ դրված նախագծում նշվում էր, որ բնակչության շուրջ 9 տոկոսն իր բյուջեի ավելի քան 25 տոկոսն ուղղում է առողջապահական ծախսերին, ինչի հետևանքով շուրջ 6 տոկոսն աղքատանում է, և սա ամենաբարձր ցուցանիշն է տարածաշրջանում: Հայեցակարգը մշակողները ուսումնասիրել էին և պարզել, որ բնակչության մեծ մասը, հատկապես ցածր եկամուտ ունեցողները, խուսափում է առողջապահական ծառայություններից օգտվելուց։

«Այդ համակարգը մարդկանցից փող ուզելու մասին է, այսինքն՝ առողջապահության համար փող ուզելու մասին է, էս մեր կիսատ-պռատ առողջապահական համակարգը ուզում են ֆինանսավորել և ուզում են ֆինանսավորել մեր և ձեր հաշվին»,- կարծիք է հայտնում «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ նախագահը:

Նրա խոսքով՝ առողջության առաջնային օղակներում անորակ ծառայություն է մատուցվում, ինչպե՞ս է հնարավոր այդ պայմաններում մտածել ապահովագրության ներդրման մասին: «Թող գնան իրենց պոլիկլինիկաները նայեն՝ ինչ վիճակ է, նոր նման քայլ իրականացնեն: Ես միայն պայմանների մասին չեմ խոսում, նաև՝ բուժաշխատողների, նրանց որակի մասին եմ խոսում: Կիսատ-պռատ փաստաթուղթ են ներկայացնում ու ասում են՝ գնանք առաջ: Չի կարելի նման փաստաթուղթ ներկայացնել: Այդ փաստաթուղթը փող ուզելու մասին է»,- նշում է Թադևոսյանը:

Գլխավոր խնդիրը, ըստ նրա, առողջապահական վատ համակարգի առկայությունն է, և դրա գոյության պայմաններում պետք չէ քաղաքացիներից փող վերցնել ու ֆինանսավորել: «Նրանք ամբողջական առողջապահական ծածկույթը չեն ապահովելու, վերցնելու են շատ փող ու քիչ ծառայություն մատուցեն: Եվ, բացի այդ, ինչպե՞ս է համերաշխության սկզբունքն ապահովվելու, որքան է բաշխվելու ֆինանսական բեռը աշխատողների վրա»,- ասում է Փայլակ Թադևոսյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am