ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Շիրակի մարզի դպրոցներ, շուրջ 70 գիրք և տեխնիկա նվիրել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 15-ին այցելել է Շիրակի մարզի դպրոցներ: Խորհրդարանի ղեկավարին ուղեկցել են Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, մարզպետարանի ներկայացուցիչներ:

Ամիսներ առաջ Շիրակի մարզի վերոնշյալ դպրոցների աշակերտների հետ հանդիպմանը խորհրդարանի ղեկավարը խոստացել էր անպայման հյուրընկալվել իրենց դպրոցներում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, Լանջիկ համայնքի դպրոցում ԱԺ նախագահը ծաղիկներ է խոնարհել դպրոցի՝ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած շրջանավարտ հայորդիների հիշատակին: Ալեն Սիմոնյանը տնօրենի և ուսուցչական կազմի ուղեկցությամբ շրջել է դպրոցում, ծանոթացել շենքային պայմաններին: ՀՀ ԱԺ նախագահին ներկայացվել են ուսումնական հաստատության ձեռքբերումներն ու խնդիրները, ինչից հետո Ալեն Սիմոնյանը մասնակցել է դպրոցականների կազմակերպած միջոցառմանը:

Ըստ աղբյուրի՝ ԱԺ նախագահն այնուհետև եղել է Գյումրու համար 19 հիմնական դպրոցում, ծաղիկներ դրել Վազգեն Սարգսյանի հուշարձանին, ապա հայրենիքի պաշտպանության համար նահատակված շրջանավարտների հիշատակին: Խորհրդարանի ղեկավարը շրջել է դպրոցում, եղել նաև նախակրթարանում: Ալեն Սիմոնյանը ջերմ զրուցել է ուսուցիչների և աշակերտների հետ, որոնք կարևորել են Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարի այցն իրենց դպրոց, նշել, որ դա ևս մեկ ապացույցն է այն փաստի, որ կրթական համակարգի խնդիրները մշտապես պետական հոգածության ներքո են:

Նշվում է, որ Ալեն Սիմոնյանը երկու դպրոցներին էլ շուրջ 70 գեղարվեստական գիրք և անհրաժեշտ ժամանակակից տեխնիկա է նվիրել: Մանկավարժները համոզմունք են հայտնել, որ գրադարանային ֆոնդի համալրումն անչափ կարևոր է դպրոցականների կրթադաստիարակչական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար: