«Այսօր հրապարակված դատավճիռը Հայաստանի Հանրապետության խայտառակությունն է». հայտարարություն

«Այսօր հրապարակված դատավճիռը Հայաստանի Հանրապետության խայտառակությունն է». հայտարարություն
«Այսօր հրապարակված դատավճիռը Հայաստանի Հանրապետության խայտառակությունն է». հայտարարություն

«Հանուն Հայաստան պետության» ճակատի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ։

Քաղբանտարկյալներ Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հրայր Թոփչյանի և Գալուստ Գրիգորյանի շինծու գործի վերաբերյալ այսօր հրապարակված դատավճիռը, որը հրապարակվեց հանուն Հայաստանի Հանրապետության, առաջին հերթին հենց Հայաստանի Հանրապետության խայտառակությունն է:

Ռեժիմի պատվերը կատարող, խամաճիկ դատավորի՝ իր տերերի աննախադեպ լկտիությամբ ու քինախնդրությամբ թելադրված դատավճիռը դատավճիռ է բոլորիս նկատմամբ և ցուցադրումն է այն բանի, որ իշխանությանը կառչած ապօրինի ռեժիմը պատրաստվում է ապահովագրել իր անփառունակ իշխանավարումը՝ իրեն ընդդիմացող ցանկացած քաղաքացու հանդեպ գործ սարքելով և ազատազրկելով:

Տեղի ունեցողը ոչ մի աղերս չունի օրենքի, ժողովրդավարության և արդարադատության հետ:

Սերժ Սարգսյանը պարզապես հաշվեհարդար է տեսնում իր քաղաքական հակառակորդի՝ Արցախի ազատամարտի հերոս Ժիրայր Սեֆիլյանի հանդեպ այն բանի համար, որ նա բացահայտեց ապրիլյան քառօրյա դավադիր պատերազմի մութ խորշերը քողարկող իր ստերը և 800 հեկտար տարածք կամովին թշնամուն թողնելու փաստը:

«Հանուն Հայաստան պետության» ճակատը, խստորեն դատապարտելով ռեժիմի այս հերթական ապօրինությունն ու քաղաքական հալածանքի բացահայտ դրսևորումը, հայտնում է, որ չի ընկրկելու և շարունակելու է իր պայքարն ապօրինի, հայրենադավ ռեժիմի դեմ՝ հանուն Հայաստան պետության ինքնիշխանության վերականգնման և ժողովրդավարացման:

Դիմում ենք հայաստանյան և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին բոլոր քաղբանտարկյալներին պաշտպանելու և ռեժիմի վրա ճնշումն ավելացնելու կոչով: Երկրի բոլոր քաղաքական ուժերին և քաղաքացիներին առաջարկում ենք միացնել իրենց ձայնը մեր բողոքին և միանալ սկիզբ առնող համաժողովրդական ընդվզմանը ռեժիմի դեմ:

«Հանուն Հայաստան պետության» ճակատ