Այս հյուրընկալ և հիասքանչ երկիրը թողնում եմ երախտագիտության և ափսոսանքի խոր զգացումով. Արտաշես Թումանյան

Դեսպանատունը հրապարակել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հրաժեշտի խոսքը․ 

Ավարտելով իմ գործունեությունը՝ որպես Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան, այս հյուրընկալ և հիասքանչ երկիրը թողնում եմ երախտագիտության և ափսոսանքի խոր զգացումով։ 

Այս տարիների ընթացքում ավելի սիրեցի Իրանը և նրա մարդկանց, փորձեցի խորությամբ ճանաչել երկիրը, մեր բարեկամ ժողովրդին և նրա մեծ մշակույթը։ Իմ աշխատանքային տարիները եղել են խիստ հագեցած ու չափազանց հետաքրքիր։

Այդ ժամանակաշրջանը եղել է Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման կարևոր շրջափուլ։ Այն նաև համընկել է մեր երկրի համար վճռորոշ ու նաև դրամատիկ իրադարձությունների հետ՝ համավարակ, 2016թ. ապրիլյան և 2020թ. 44-օրյա պատերազմներ, տարածաշրջանային բարդ ու հակասական գործընթացներ։ Ամփոփելով ՀՀ դեսպանության վերջին շուրջ յոթ տարիների աշխատանքը քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում՝ երախտագիտություն եմ հայտնում իմ սիրեի գործընկերներին, բոլոր նրանց, ում հետ համագործակցելու հնարավորություն է ընձեռնվել։ 

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ դեսպանությունում աշխատած դիվանագետներին և բոլոր նախկին դեսպաններին իրենց կատարած մեծ աշխատանքի համար։Իմ հատուկ երախտիքի խոսքն եմ հղում մեր սիրելի իրանահայ քույրերին և եղբայրներին, ովքեր մշտապես եղել են Հայաստանի կողքին, ում ջերմ և հարազատ վերաբերմունքը զգացել եմ անցած ողջ ժամանակահատվածում։ 

Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել սոցիալական ցանցերի մեր հետևորդներին, լրագրողներին և փորձագետներին, ում մշտական հոգատար և ջերմ վերաբերմունքը, ինչպես նաև պահանջկոտ կեցվածքը չափազանց կարևոր է եղել դեսպանության և ինձ համար։ 

Աշխատանքային մեծ հաջողություններ եմ մաղթում իմ հարգելի գործընկերոջը՝ ԻԻՀ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Արսեն Ավագյանին, այդ չափազանց պատասխանատու պաշտոնում։

Բարին ընդ ձեզ․․․