«Չի կարելի նույն մարդուն 60 անգամ իրազեկել, որ վաղը էս է լինելու, այդ մարդը, կներեք, բութ չի, էլի. դա ֆիթնես երթ է ընդամենը». Արմեն Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը

Պարո՛ն Բադալյան, կառավարական առանձնատան մոտ տեղի ունեցած բախումից հետո ի՞նչ պետք է աներ ընդդիմությունը, ընդհանրապես, նրանց գործողություններն ինչպե՞ս եք գնահատում:

– Ընդհանրապես, ընդդիմության կողմից այս կամ այն պետական շենքերի շրջափակման նպատակն անհասկանալի է, եթե հաշվի առնենք այդ գործողությունն իրականացնելու ժամանակը: Թե դրանով ինչ են ուզում ասել կամ ցույց տալ՝ անհասկանալի է: Գնացին առանձնատուն՝ պատճառաբանելով, թե կառավարության, խորհրդարանի շենքից Նիկոլ Փաշինյանը փախել է, ինչ է թե իրենք այնտեղ են եղել, հիմա էլ գնում են առանձնատուն, որ այնտեղից փախչի:

Ճիշտն ասած, այդ շարժումը մանկապատանեկան ինչ-որ խաղ չպետք է հիշեցներ, ու բռնոցի-պախկվոցիի երևույթներ չպետք է նկատվեին, էլի, ավելի լուրջ մոտեցում է պետք: Գնալ կառավարական առանձնատուն, որ ի՞նչ անել, ի՞նչ խնդիր ես լուծում, էլի: Պարզ էր, որ Նիկոլ Փաշինյանն այդտեղից չէր գնալու: Իշխանությունն էլ արեց այն, ինչ արել են բոլոր տարիների իշխանությունները: Ականատես ենք տարիներով եղած ընդդիմություն-իշխանություն հարաբերությունների, բայց մի քիչ ավելի պրիմիտիվ, պարզամիտ մակարդակով:

– Այդ պարզամտությունը ո՞ր կողմից է գալիս:

– Երկու կողմից էլ, ավելի ճիշտ՝ քաղաքական համակարգից: Համակարգն է ամբողջությամբ պարզամիտ: Այս շարժումը դարձել է բռնոցի-պախկվոցիի մի տեսակ, այն շարժումը, որն ապրիլի կեսից ձևավորվեց, հետո մայիսի 4-ին պետք է մտներ ավելի ակտիվ փուլ, բայց հիմա կա ինչ-որ գործողություն, որը, ըստ էության, չկա:

– Ամսից ավելի է՝ ընդդիմությունը փողոցում է, բայց շարունակում է իրազեկման երթեր անցկացնել…

– Չեն իրազեկում, հենց դա է, որ իրենք ոչ մի բան էլ չեն անում:

– Բայց օրվա ավարտին գրեթե միշտ քայլերթ են անում՝ ասելով, թե իրազեկման երթ է դա: Այդպես չէ՞:

– Դա իրազեկման երթ չէ, որովհետև իրազեկման երթն ունի իր տեխնոլոգիաները:

– Եթե իրազեկման երթ չէ, ձեր գնահատմամբ՝ ի՞նչ է, պարո՛ն Բադալյան:

– Ֆիթնես երթ է, որովհետև իրազեկման երթը հատուկ տեխնոլոգիա ունի, բացի այդ, չի կարելի նույն մարդուն 60 անգամ իրազեկել, որ վաղը էս է լինելու, այդ մարդը, կներեք, բութ չի, էլի: Մեկ անգամ ասեցիք, երկու, տասը անգամ ասեցիք, բայց 60 անգամ հո չե՞ն իրազեկում:

– Պարո՛ն Բադալյան, խորհրդարանական «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրառում է արել՝ նշելով, որ, ըստ իր տեղեկությունների, իշխանությունը որոշում է կայացրել հունիսի 10-ին՝ ՌԴ արտգործնախարարի այցով պայմանավորված, ոստիկանական ուժերի միջոցով հանել Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրանները: Իշխանության ներկայացուցիչներն էլ, ի պատասխան ասում են, թե ընդդիմությունն այսկերպ փորձում է «իր դեմքը փրկել ու վերադառնալ խորհրդարան, որովհետև զգացել է, որ պարտվել է»: Ընդդիմությունը պարտվե՞լ է փողոցային այս պայքարում:

– Վրանային քաղաքը ուներ խնդիր, որը լուծել է՝ արթնացրեց լաոյին, հիմա նոր խնդիր, որը պետք է լուծի այդ վրանային քաղաքը, չունի: Հիմա ընդդիմությունը այդ վրաններով ոչինչ չի անում, ոչ մի խնդիր այնտեղ էլ չի լուծվում, վրանային քաղաքն ուղղակի ավելորդ է հիմա ու ավելի շատ արդեն աշխատում է շարժման դեմ:

Ընդդիմությունը հիմա պետք է ճանապարհներ գտնի այդ վրանները այնտեղից հանելու, որովհետև հիմա ուրիշ խնդիր պետք է լուծի, ինչը չի նշանակում, որ ընդդիմությունը պարտվեց կամ հաղթեց, դա նշանակում է, որ տվյալ վայրում ու պահին վրանային քաղաքն իր խնդիրը կատարեց: Ընդդիմությունը կպարտվի միայն այն ժամանակ, երբ չի կարողանա իրականացնել իշխանափոխություն, քանի դեռ չի հրաժարվել այդ մտքից, չի պարտվել՝ կապ չունի, թե որտեղ կլինի:

– Եթե ընդդիմությունն այս տեմպերով շարունակի իր պայքարը, ի՞նչ է լինելու:

– Ոչ մի բան, եթե այս տեմպերով շարունակի, ապա որոշ ժամանակ հետո սուսուփուս, գլուխը կախ գնալու է խորհրդարան, մի քիչ գոռգոռա, նստի ու սպասի խորհրդարանի հերթական ընտրություններին:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am