Հայ-ճապոնական սեր, որ Տաիջիին Հայաստան բերեց. «Սիրում եմ Հայաստանը, մարդկանց, ուտելիքը, Դիլիջանը նմանեցնում եմ Կիոտոյին»

Ճապոնացի Տաիջին ու հայուհի Մանուշակը առաջին անգամ հանդիպեցին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ սննդի փառատոնի ժամանակ: Տաիջին, որ սիրում էր ճամփորդել և տարբեր երկրներում ապրել, չէր էլ մտածի, որ մի օր հայ աղջկա հետ ընտանիք կկազմի ու կնոջ հետ կտեղափոխվի Հայաստանում ապրելու։

«Մանուշակը շատ շփվող էր, ընկերասեր, ինչը գրավեց ինձ, սիրահարվեցի, Վրաստանում էլ ամուսնացանք։ Հետո որոշեցինք տեղափոխվել Հայաստան։ Մանուշակը տեղափոխվեց, երբ երեխան պետք է ծնվեր։ Երբ ես պետք է Հայաստան գայի, այդ ժամանակը համընկավ քովիդի հետ, սահմանները փակվեցին, միայն 5 ամիս անց կարողացա Հայաստան գալ։ Մեր դստեր՝ Ջուլիայի ծննդից հետո որոշեցինք չվերադառնալ Վրաստան, այլ մնալ Հայաստանում ու այստեղ ճապոնական ռեստորան բացել»,- պատմում է Տաիջին։

Տաիջիին Ճապոնիայից դուրս կյանքը միշտ է հետաքրքիր եղել, ասում է՝ սիրում է այլ երկրներում ապրել, ուսումնասիրել այնտեղի կյանքը, նոր փորձություններ, մշակույթներ բացահայտել։ Դա է պատճառը եղել, որ Տաիջին մինչև Հայաստանում հաստատվելը մոտ 70 երկրում է եղել, որոշ երկրներում՝ երկար ժամանակով, օրինակ՝ Մոնղոլիայում, Նոր Զելանդիայում, Վրաստանում։

Վրաստանում էլ հոսթելի բիզնես էր սկսել Տաիջին մինչ Հայաստան տեղափոխվելը։

«Վրաստանում ինձ գրավել էր տեղի զարգացած տուրիզմը, բայց երբ կորոնավիրուսը սկսվեց, տուրիզմն անկում ապրեց։ Այդ պատճառով էլ Հայաստան տեղափոխվելուց հետո այլևս չցանկացանք Վրաստան վերադառնալ»։

Մոտ 6 ամիս է՝ Տաիջին Երևանի փոքր կենտրոնում ճապոնական ռեստորան է բացել՝ OhMeshi-ն, որտեղ մատուցվում են ճապոնական տարբեր ուտեստներ՝ ճապոնական ամենահայտնի՝ ռամեն ճաշատեսակը, սուշի, որը հենց Տաիջին է պատրաստում։

Հայտնի Ռամեն ճաշատեսակը

Ասում է՝ սննդի միջոցով փորձում է նոր շփումներ և ծանոթություններ հաստատել, ճապոնական մշակույթը հայերին ներկայացնել, առողջ սնունդն ու առողջ ապրելակերպը խթանել։

«Սիրում եմ տեսնել հաճախորդների ժպիտը, երբ ճաշակում են ճապոնական սնունդը, նաև սիրում եմ շփվել, քննարկել տարբեր ուտելիքներ։ Զրուցում ենք անգլերեն»,- ասում է նա։ 

Տաիջիի խոսքով՝ ավելի շատ պատվերներ ստանում են սփյուռքից եկած հայերից, իսկ տեղացիներն այնքան էլ ծանոթ չեն ճապոնական ուտեստներին, որը և ճապոնական ռեստորանի խնդիրներից է։

«Որոշ մարդիկ գաղափար չունեն ճապոնական ուտելիքների մասին, միայն սուշիի մասին գիտեն։ Մեր խնդիրներից մեկն է ծանոթացնել ճապոնական ուտելիքը։

Կամաց-կամաց փորձում ենք սովորեցնել, հրավիրել, ուտելիքի միջոցառումներ կազմակերպել»,- պատմում է Տաիջին ու հույս հայտնում, որ Հայաստանում իր սկսած բիզնեսն ավելի կծաղկի ապագայում։ 

Տաիջին ասում է՝ սիրում է Հայաստանը, մարդկանց, ուտելիքը, Երևանից դուրս՝ Դիլիջանը, որը նմանեցնում է Կիոտոյին՝ հարուստ բնությամբ և լեռներով։ Նրա խոսքով՝  Հայաստանում ապրելը, երեխա մեծացնելն անվտանգ են:

«Հանրային վայրերում քեզ ապահով ես զգում, մարդիկ էլ լավն են էստեղ, շատ աշխատող են, խելացի։ Ուտելիքը լավն է, ճապոնացիների պես հայերը նույնպես սննդում շատ համեմունքներ չեն օգտագործում: Հայկական ուտելիքներից շատ եմ սիրում խաշը, խաշլաման և տոլման, իմ կնոջ մայրը շատ է տոլմա եփում»,- ժպտալով ասում է Տաիջին ու ավելացնում՝ հայկական ջուրն ու կոնյակն էլ է շատ հավանում։

Տաիջիի խոսքով՝ չնայած հայերը հյուրընկալ են, օգնող, սակայն նրանց մեջ ակտիվ էներգիա չի տեսնում․ «Մարդիկ կարծես շատ հոգնած լինեն, մարդկանցից այդքան էներգիա չեմ զգում»։ 

Քանի որ Հայաստանում օտարերկրացիները քիչ են, Տաիջիի խոսքով՝ տեղացիները հաճախ են իրեն տարօրինակ հայացքով նայում:

«Մարդիկ շատ նացիոնալիստ են, դա չեմ սիրում, ժամանակ առ ժամանակ ես ինձ մենակ եմ զգում՝ ես հայ չեմ, հայերեն չեմ խոսում։ Ճապոնիայում էլ է էդպես, էնտեղ էլ արտասահմանցիները քիչ են, մեծ մասամբ ճապոնացիներ են, լեզուն էլ՝ ճապոներենը, այդ առումով երկու ժողովուրդները իրար շատ նման են»,- նշում է Տաիջին։

Տաիջին, քաղաքական վերջին զարգացումներին հետևելով, ասում է՝ Հայաստանը պետք է ավելի բաց լինի, շփումներ հաստատի բոլոր հարևանների հետ, որ տնտեսապես զարգանա:

«Հայաստանը պետք է փորձի առաջնորդվել իր ապագայի շահերով և չկառչի անցյալից։ Կարևոր են կրթական համակարգի վերափոխումները՝ ավելի նորարար, առաջադեմ լինի, որ ապագա սերունդը հզոր ապագա կերտի երկրի համար»,- նշում է Տաիջին։

Թե որքան Տաիջին ընտանիքի հետ Հայաստանում կապրի, ինքն էլ չգիտի, սակայն նշում է. «Այն ժամանակահատվածում, որ Հայաստանում եմ, ուզում եմ իմ գիտելիքները, էներգիան առավելագույնս տալ հայերին, կիսվել իմ մտքերով հայերի հետ»։

Արփինե Արզումանյան

MediaLab.am