Հմտանալու ու զարգանալու ուրույն ճանապարհով. մեկնարկում է «Մեկ կադր» 10-րդ հոբելյանական կինոփառատոնը

Հմտանալու ու զարգանալու ուրույն ճանապարհով. մեկնարկում է «Մեկ կադր» 10-րդ հոբելյանական կինոփառատոնը
Հմտանալու ու զարգանալու ուրույն ճանապարհով. մեկնարկում է «Մեկ կադր» 10-րդ հոբելյանական կինոփառատոնը

«Մեկ կադր» թվով 10-րդ միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները վերջին աշխատանքներն են կատարում վաղը՝ մայիսի 24-ին, փառատոնի բացումը պատշաճ ացկացնելու համար:
Փառատոնի շրջանակներում մայիսի 24-ից 31-ը «ՆՓԱԿ» արվեստի կենտրոնում ներկայացվելու է արտասահմանցի ու հայ հեղինակների 300 ֆիլմ:

 

«Եթե 10 տարվա ընթացքը վերլուծենք, ապա փառատոնին ավելի շատ երիտասարդ հեղինակներ են ներկայացնում ֆիլմեր: Ֆորմատն այնպիսին է, որ հնարավորություն է տալիս երիտասարդ, նոր քայլեր անող հեղինակին իր էներգիան ու գաղափարները ներդնելու: Բայց, մյուս կողմից, հայ մասնակիցները բավական իներտ են, մոտիվացիայի, ցանկության պակաս է զգացվում ի տարբերություն դրսի հեղինակների, որոնք միանգամից հետաքրքրություն են ցուցաբերում մասնակցելու»,- ասում է փառատոնի համակարգող եւ ծրագրերի տնօրեն Վահրամ Ակիմյանը:

Փառատոնը երեք անվանակարգ ունի` «Մեկ կադր, մեկ րոպե», որտեղ ներկայացվում են մեկ րոպե տեւողությամբ ֆիլմեր, «Կարճ ֆիլմերի անվանակարգ»՝ մինչեւ 40 րոպե տեւողությամբ ֆիլմերով եւ «Կինո առանց սահմանի»՝ ոճային, ժամանակային, ուղղվածության եւ ձեւաչափի սահմանափակում չունեցող ֆիլմեր ցուցադրելու համար:

Ակիմյանը նշում է, որ իրականում մեկ կադրով ու մեկ րոպեում միտքը տեղ հասցնելը բավական դժվար է, քանի որ հեղինակը իր միջոցների մեջ սահմանափակ է: Եվ այս ձեւաչափը, ըստ նրա, մեծ կրթական ներուժ ունի:

«Եթե համաշխարհային կինոփառատոներում մեկ րոպեում հնարավորություն է տրվում մոնտաժել տեսանյութը, պլանը փոխել, կտրել, ավելացնել, ապա այս պարագայում դու դրա հնարավորությունը չունես` առանց ընդհատելու պետք է անես, ինչը ստեղծագործող մարդու համար ավելի հետաքրքիր է»,-նշում է Ակիմյանը:

Կինոփառատոնի 10-ամյա պատմության ընթացքում մրցանակի են արժանացել հեղինակներ Իտալիայից, Շվեդիայից, Իրանից, Էստոնիայից, Իսպանիայից, ինչպես նաեւ հայ հեղինակներ, որոնք իրենց հաղթած ֆիլմերով հետագայում հաջողություններ են ունեցել եվրոպական միջազգային կինոփառատոներին:

31-ամյա իրանահայ Արփա Հակոբյանը 2008-ին հաղթել է «Մեկ կադր, մեկ րոպե» անվանակարգում, այնուհետ նույն ֆիլմով մրցանակի է արժանացել Ամստերդամի կինոփառատոնին:

«Փառատոնի անցկացման առաջին տարվանից մասնակցել եմ եւ հիմնկանում ներկայացնում եմ ֆիլմեր «Մեկ կադր» անվանակարգում: Այս տարի նույնպես ներկայացրել եմ ֆիլմ մետրոյում գրիչներ վաճառող պապիկի մասին: Հուզում է միշտ ինձ այս թեման, որ մեծահասակ տատիկներն ու պապիկները անապահով են, չունեն խնամող, թոշակը իսկապես չի հերիքում իրենց ապրելու համար եւ տեսնում ես 80 տարեկանում իրենք գրիչ են վաճառում»,- ասում է Հակոբյանը:

Փառատոնի հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր Գագիկ Ղազարէն նշում է, որ այս տարի հիմնականում ներկայացվել են սոցիալական, հասարակական թեմաներով ֆիլմեր:

«Մեր փառատոնը լաբորատոր մի փառատոն է, որտեղ մենք օգնում ենք մեր մասնակից հեղինակներին քայլեր անելու կինոյի՝ դեպի ավելի մեծ աշխարհ: Մենք աջակցում ենք անգամ այն մարդկանց, ովքեր ունեն լավ գաղափար, բայց չունեն տեխնիկա եւ հեռախոսով են նկարում իրենց մտահաղացումը: Անհրաժեշտության դեպքում մենք ինքներս ենք տրամադրում նրանց տեսախցիկ եւ այլ տեխնիկա նկարահանում անցկացնելու համար»,- ասում է Ղազարէն՝ հավելելով, որ իրենք փորձում են նպաստել կՀայաստանում կարճամետրաժ ֆիլմերի զարգացմանը:

Ֆիլմերի ցուցադրությանը զուգահեռ փառատոնի շրջանակներում ամեն օր երեկո ֆիլմերի հեղինակների, հանդիսատեսի եւ գործընկերների մասնակցությամբ քննարկումներ են լինելու:

«Փառատոնի կարեւորագույն գործոններից մեկն այն է, որ հնարավորություն է տալիս հեղինակին արտահայտվելու, ստեղծում է քննարկումների մի միջավայր հեղինակների ու իր գործընկերների միջեւ, ինչը մյուս հայկական կինոփառատոներում բացակայում է»,- ասում է Վահրամ Ակիմյանը:

Փառատոնի շրջանակներում բացի գլխավոր մրցանակից` արձանիկից, որոշ ֆիլմերի համար տրվում են նաեւ դիպլոմներ հանձնաժողովի կողմից, իսկ հեղինակների ձայն մրցանակին արժանանում է այն ֆիլմի հեղինակը, որի ֆիլմը բաց քվեարկությամբ բոլոր մասնակից հեղիակների կողմից համարվում է լավագույնը:

Բացմանը ցուցադրվելու են ամենառաջին փառատոնին ներկայացված 13 ֆիլմերը, որոնք, ըստ Գագիկ Ղազարէի, դարձել են առիթ, որ այսօր փառատոնին ներկայացվում է արդեն 300 ֆիլմ:

«Հետադարձ հայացք եթե անեմ, ապա այս տարի ընդգծված ձեւով երեւում է մի հանգամանք, որ հին մասնակիցները, ովքեր թրծվել են փառատոնի շրջանակներում դեբատների, քննարկումների ընթացքում, ավելի պատրաստված են, չափորոշիչները ճշգրիտ օգտագործելու միտումը կա եւ միտքը տեղ հասցնելու ընդգծված ձեռագրային հատկությունները: Իսկ առաջին քայլեր անողները որոշ թերություններ ունեն: Այս հարաբերությունը ցույց է տալիս փառատոնի շահեկան օգտակարությունը»,- ասում է Ղազարէն:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am