Ամփոփվել է «Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի» մրցույթը

Ամփոփվել է «Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի» մրցույթը, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) և «Դպրոցական սննդի և երեխաների բարեկեցության» հիմնարկի աջակցությամբ:

Ծրագրի հիմնական նպատակը դպրոցական սննդի ծրագրի վերաբերյալ իրազեկության բարձրացումն է` միաժամանակ խթանելով ազգային մակարդակում դպրոցական այգիների հիմնումը։

Դեռևս այս տարվա ապրիլ ամսին մեկնարկած մրցույթին ՀՀ մարզերից և մայրաքաղաք Երևանից մասնակցելու հայտ է ներկայացրել 82 դպրոց: Մրցույթի ողջ ընթացքում մասնակից դպրոցներին մշտապես տրամադրվել է խորհրդատվություն։

Դպրոցները մինչև 2021 թ. հոկտեմբերի 1-ը պետք է ներկայացնեին նախագծերի փաթեթներ՝ անհրաժեշտ փաստաթղթերով և լուսանկարներով։ Վերջնարդյունքում կազմակերպիչներին ներկայացվել է 33 փաթեթ։

Ընտրություն կատարելու համար մշակված հատուկ չափանիշներում ներառված են չորս բաժիններ՝ կրթական բաղադրիչ, այգու որակ, ներգրավվածության մակարդակ, փաթեթի որակ։

Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից մասնակից դպրոցը կարող է գնահատվել առավելագույնը 50 միավորով, իսկ հանձնաժողովի կողմից դպրոցին տրվող առավելագույն ընդհանուր գնահատականը 350-ն է:

Հանձնաժողովի կազմում ներառվել են ներկայացուցիչներ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, տեղական և միջազգային կազմակերպություններից (ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագիր, ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության ծրագիր, Հայ օգնության ֆոնդ, «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկ)։

Ներկայացված բոլոր 33 փաթեթները գնահատվել են՝ օգտագործելով ընտրության վերը նշված չափանիշները: Մրցութային հանձնաժողովի գնահատման հիման վրա հաղթող են ճանաչվել Վանաձորի Հ. Թումանյանի անվան N 3 հիմնական դպրոցը (334 միավոր), Վանաձորի Դանիել Վարուժանի անվան N 16 հիմնական դպրոցը (330 միավոր) և Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան N 2 հիմնական դպրոցը (327 միավոր)։

Առաջին տեղ զբաղեցրած դպրոցը կստանա 3000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։ Երկրորդ տեղ զբաղեցրած դպրոցին կտրամադրվի չորանոց, իսկ երրորդ տեղ գրաված դպրոցին՝ սառցարան։

Բացի այդ՝ ավելացվել է երկու անվանակարգ այն դպրոցների համար, որոնք չեն հաղթել, սակայն ունեցել են նկատելի արդյունքներ: «Լավագույն ձևավորում» անվանակարգում հաղթել է Կոտայքի մարզի Բջնի համայնքի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը, իսկ «Լավագույն բերք» անվանակարգը շնորհվել է Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք համայնքի միջնակարգ դպրոցին։ Նշված երկու դպրոցները կստանան խրախուսական նվերներ։