Երեխաները կերել են տեղական արտադրության հավի կրծքամսով, բրնձով շիլա. «Էլկա» մանկական զարգացման կենտրոնի տնօրենը՝ թունավորման դեպքի մասին

Նախօրեին երեկոյան սննդային թունավորման կասկածով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 8, Ինֆեկցիոն ազգային կենտրոն՝ 1 երեխա: Երեխաները «Էլկա» մանկական զարգացման կենտրոնի սաներ են՝ 8-11 տարեկան։

«Էլկա» մանկական զարգացման կենտրոնի տնօրեն Գայանե Տեր-Պետրոսյանը «Մեդիալաբին» ասաց, որ բոլոր երեխաները կերել են բրնձով շիլա՝ հավի կրծքամսով:

«Մի քանիսն իրենց վատ են զգացել, մյուսների մոտ ամեն ինչ նորմալ է: Հիվանդանոցում գտնվող երեխաների մոտ էլ է ամեն ինչ նորմալ, հիմա դուրս են գրվում»,- նշեց նա։

Տեր-Պետրոսյանը չի հիշում, թե ո՞ր խանութից ու ո՞ր ընկերության արտադրության հավի կրծքամիսն է ձեռք բերվել, բայց նշում է՝ միսը եղել է տեղական արտադրության:

«Այո՛-այո՛, եղել է տեղական արտադրության միս, ձեռք է բերվել խանութից, բայց, ճիշտն ասած, չեմ հիշում, թե որ ընկերության արտադրանքն էր»,- ասում է զարգացման կենտրոնի տնօրենը:

Գայանե Տեր-Պետրոսյանը վստահեցնում է, որ զարգացման կենտրոնում սա առաջին նման դեպքն է, նախկինում երբեք նման բան չի եղել։

Հիշեցնենք, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից ավելի վաղ հայտնել են, որ տեսուչները դեռ երեկ երեկոյան, արձագանքելով ահազանգին, վերահսկողական միջոցառումներ են սկսել «Էլկա» մանկական զարգացման կենտրոնում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am