Գորիսի փոխքաղաքապետը՝ հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև լարվածության մասին.Factor

Սև լճի տարածքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև երեկ ծեծկռտուք տեղի չի ունեցել։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գորիսի փոխքաղաքապետ Կարո Քոչարյանը, ի պատասխան մեր այն հարցի, թե որքանով են համացանցում տարածվող տեղեկությունները համապատասխանում իրականությանը «Մեր տղաները դիրքերի բարելավման աշխատանքներ են իրականացրել, որը թեթևակի անհանգստություն է առաջացրել, ուրիշ ոչինչ, ոչ մի ձեռնամարտ, ֆիզիկական բախումներ չեն եղել։

Ներկա պահին խախանդ վիճակ է»,- ասաց Քոչարյանը։ Մեր հստակեցնող հարցին՝ արդյոք դիրքերի բերալավումը նշանակո՞ւմ է, որ սահմանին առաջխաղացում ունենք, փոխքաղաքապետը բացասական պատասխան տվեց. «Դիրքերի բարեկարգման աշխատանքների մասին է խոսքը»։

Նշենք, որ տեղեկություններ էին տարածվել, թե, իբր, ադրբեջանական ուժերը Սև լճի ուղղությամբ հենակետ են տեղադրել, ինչին ի պատասխան նման հենակետ են տեղադրել նրանց թիկունքում հայկական ուժերը, ինչը լարվածության և ծեծկռտուքի է հանգեցրել, որը լուծվել է միայն ռուս զինվորականների միջամտության արդյունքում։

«Որևէ միջամտություն չի եղել․ մենք այդ հատվածում համագործակցում ենք ռուս զինվորականների հետ»,- խոսքը եզրափակեց Գորիսի փոխքաղաքապետը՝ նորից ընդգծելով, որ ֆիզիկական բռնություն չի եղել։