Կարևոր է տարբեր քննարկումների ու շահարկումների չհետևել, առաջնորդվել բացառապես պաշտոնական տեղեկություններով․ Դավիթ Բաբայանը՝ այսօրվա միջադեպի մասին

Վաղ առավոտյան տեղեկություններ տարածվեցին Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին տեղի ունեցած միջադեպի մասին, ինչի հետեւանքով ճանապարհը որոշ ժամանակ երկկողմանի փակ էր, այնուհետեւ բացվեց։

Անդրադառնալով միջադեպին՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը «Մեդիալաբին» ասաց, որ այս պահի դրությամբ շատ կարևոր է միայն հետևել Արցախի Հանրապետության ոստիկանության ու ԱԱԾ-ի հաղորդագրություններին։

«Որևէ այլ մեկնաբանությունների, ֆեյսբուքյան տարբեր քննարկումների ու շահարկումների չհետևել»։

Հիշեցնենք, որ ԱՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել է։

Միջադեպի մանրամասների մասին այլ տեղեկություններ չեն հաղորդվել, սակայն տարբեր աղբյուրների պդնմամբ՝ նռնակ նետողը օրեր առաջ ադրբեջանցիների կողմից սպանված 22-ամյա Մարտիկ Երեմյանի եղբայրն է։

«Մեդիալաբի»-ի հարցին՝ նրա գնահատմամբ՝ այս միջադեպն ի՞նչ էր՝ պարտիզանական պայքա՞ր, Դավիթ Բաբայանը կրկին հորդորեց հետևել բացառապես պաշտոնական լրահոսին ու հրաժարվեց որևէ այլ բան ասել։

«Կրկնում եմ՝ բացառապես հետևել Ոստիկանության ու Ներքին գործերի լրահոսին, բացառապես, այդքան բան»,- եզրափակեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am