Պատգամավորի քաղցր աթոռը. ԱԺ ընտրություններում լրագրողների, շոու բիզնեսի ներկայացուցիչների ներգրավվածության մասին

Պատգամավորի քաղցր աթոռը. ԱԺ ընտրություններում լրագրողների, շոու բիզնեսի ներկայացուցիչների ներգրավվածության մասին
Պատգամավորի քաղցր աթոռը. ԱԺ ընտրություններում լրագրողների, շոու բիզնեսի ներկայացուցիչների ներգրավվածության մասին

ԱԺ աթոռների եւ քաղաքականության հանդեպ աճող մեծ հետաքրքրությունն այս ընտրություններին վերլուծաբանները կապում են նախընտրական փիառի հետ, որով քաղաքական կուսակցությունները ցանկանում են ստանալ արվեստի գործիչների երկրպագուների ձայները` «կրմինալ» կերպարը փոխելով «արվեստի գործիչների» դեմքերով:

Ի տարբերություն նախորդ ընտրությունների` այս տարվա մայիսի 6-ին կայանալիք ընտրություններին աննախադեպ է հետաքրքրությունը լրագրողների, արվետագետների, շոուբիզնեսի ներկայացուցիչների շրջանում:

Ընդամենը մի քանի օր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ կուսակցական անդամատոմսեր հանձնեց երգչուհի Շուշան Պետրոսյանին, «Շարմ Հոլդինգի» տնօրեն Կարեն Ղազարյանին, Հանրային հեռուստատեսության լրատվական ծրագրի պատասխանատու Սամվել Ֆարմանյանին եւ այլ ոչ անհայտ մարդկանց:

«Երբ հասարակ մարդկանց մոտ քաղաքական ուժերի հեղինակությունը նվազում է, նրանց նկատմամբ վստահությունը թուլանում է, քաղաքական կուսակցությունները փորձում են օգտագործել այդ վիճակը` ապաքաղաքական գործիչներ մտցնելով` մտավորականներ, երգիչներ, արվեստագետներ, որոնք իրականում վարագույրի դեր են կատարելու, ինչպես ԽՍՀՄ-ի ժամանակ կթվորուհիներն ու կոլխոզնիկներն էին»,-ասում է անկախ քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը:

Ըստ նրա` արվեստագետների հետաքրքրությունը երկու գործոնով է պայմանավորված:

«Կան արվեստագետներ, ովքեր ունեն քաղաքացիական գիտակցություն, նրանց համար խորհրդարան մտնելը քաղաքական շարժառիթ ունի, բայց կան նաեւ այնպիսիները, որոնց խորհրդարան մտնելը վարչարարական շարժառիթով, անձնական շահով է պայմանավորված»,-ասում է նա:

Քաղաքական PR տեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով էլ, եթե մինչ այս ոմանք բացահայտ, ոմանք ոչ բացահայտ հարում էին այս կամ այն քաղաքական ուժի, ապա այժմ խաղաքարտերը բացվում են, հստակեցվում է, թե ով ում կողմնակիցն է, արվեստագետների մի մասն էլ մոդային է տուրք տալիս:

Սակայն նա նշում է, որ արվեստագետների պատգամավորության թեկնածու դառնալը չի կարող ազդել խորհրդարանի ամբողջական կերպարի ձեւավորման վրա:

«Խորհրդարանի կերպարը կախված է ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի գրագետ աշխատանքից, լավ աշխատեն, ՀՀԿ-ն քիչ ձայն կունենա, վատ աշխատեն ՀՀԿ-ն շատ ձայն կստանա»,-համոզված է նա:

Երվանդ Բոզոյանն էլ պարզաբանում է, որ Հայաստանը կանգնած է ընտրության առջեւ:

«Ընտրություն, թե ինչ խորհրդարան ենք ուզում ունենալ` քաղաքական, որտեղ կմտնեն քաղաքական տարբեր ուժեր` իրենց ծրագրերով, թե մեծամասնական, որտեղ օլիգարխները եւ մշակութային վարչարարները խորհրդարանը կթամաշայեցնեն»,-ասում է նա:

Անուշ Բուլղադարյան

Վանաձոր

© Medialab.am