Հանրային քննարկման ենք ներկայացրել ուսուցչի մրցույթի կարգի փոփոխության նախագիծը․ Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

«Հանրային քննարկման ենք ներկայացրել ուսուցչի մրցույթի կարգի փոփոխության նախագիծը, որով նախատեսում ենք, որ եթե դպրոցում կա ուսուցչի թափուր տեղ և երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա դասավանդումը կարող է կարող է իրականացվել էլեկտրոնային եղանակով (հեռավար)՝ մենթոր դպրոցների ուսուցչի կողմից:

Ընդ որում, նախատեսել ենք, որ մենթոր դպրոցը կարող է քաղաքացիաիրավական պայմանագրի հիմնա վրա ներգրավել մասնագետներ՝ հեռավար դասընթաց կազմակերպելու համար: Սա նշանակում է, որ այն առանձին մանկավարժները, որ հետաքրքրված են, կարող են դպրոցի հետ համագործակցությամբ դիմել և էլեկտրոնային դասավանդել։

Նախատեսել ենք, որ պայմանագիրը պետք է լինի առնվազն մեկ կիսամյակ տևողությամբ, որպեսզի երկուստեք պարզ լինի աշխատանքների կազմակերպման ժամկետը։ Մանրամասները՝ https://www.e-draft.am/projects/3731/about

Սա, հիշեցնեմ, ժամանակավոր միջոց է, որի ընթացքում դպրոցը շարունակելու է հիմնական ուսուցիչ ներգրավելու համար մրցույթի հայտարարություն տալը։ Այդ ընթացքում երեխաները ունենում են դասերը բաց չթողնելու հնարավորություն։ Ծրագիրը փորձնական կարգով իրականացվում է արդեն այս սեպտեմբերից տարբեր մարզերի տասնյակ դպրոցների համար»։