ՊԵԿ-ը բացահայտել է մրգերի և բանջարեղենի անվան տակ հագուստի ներմուծման մի շարք դեպքեր

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ իրեն վերապահված լիազորությունների իրականացման շրջանակում բացահայտվել են մաքսային կանոնների խախտումների նոր դեպքեր։ 

Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ-ի կողմից դեկտեմբերի 17-ին մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով մանդարինի անվան տակ հագուստի ներմուծման դեպքի բացահայտումից հետո, ՀՀ ՊԵԿ կողմից կատարված ուսումնասիրությունների և հարցումների միջոցով պարզվել է, որ նույն կազմակերպությունների կողմից 2022 թ․ հունիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում նույն եղանակով տարբեր մրգերի և բանջարեղենի անվան տակ ՀՀ է ներմուծվել հագուստ՝ 21 տարբեր դեպքերով, ընդհանուր առմամբ 210 տոննա քաշով։ 

Նշվածի վերաբերյալ փաստաթղթերը կփոխանցվեն վարույթն իրականացնող մարմնին՝ քրեական վարույթի շրջանակում հետագա ընթացքն ապահովելու նպատակով։