Եթե չկարողանանք ստեղծված ճգնաժամը լուծել գոյություն ունեցող կառուցակարգերով, ապա ՀՀ-ն ստիպված է լինելու դիմել միջազգային գործընկերներին․ Արմեն Գրիգորյան

«Հայաստանը կարծում է, որ առաջնահերթ ՌԴ և ՀԱՊԿ կառույցների միջոցով հնարավոր է ճգնաժամը լուծել, բայց եթե մենք չկարողանանք ստեղծված ճգնաժամը լուծել գոյություն ունեցող կառուցակարգերով, ապա Հայաստանը ստիպված է լինելու այլ կառուցակարգերի դիմելու, այսինքն՝ միջազգային այլ գործընկերների։ Բայց մենք առաջնային ենք համարում առաջնային գործարկել պայմանագրային պարտավորություններով օժտված մեխանիզմները»։ Այդ մասին «Լուրերին» տված հարցազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Պաշտոնյայի խոսքով, նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ճիշտ է, ռազմական գործողությունները դադարել են, բայց սահմանի երկայնքով լարվածություն է եղել: Նա ընդգծել է, որ Ադրբեջանը չստանալով միջանցք տորպեդահարել է բանակցային գործընթացը:

«Վերջին շրջանում Ադրբեջանը, չստանալով իր ցանկությունը՝ միջանցքը, սկսել է տորպեդահարել ամբողջ բանակցային գործընթացը՝ նույնիսկ այլ ուղղությամբ, նույնիսկ ապաշրջափակման ուղղությամբ։ Գիտեք, որ երբ ՌԴ-ն հրապարակեց այն փաստը, որ միջանցքի տրամաբանությամբ որևէ գործողություն չի լինելու, դրան հետեւեցին սկզբից Գորիս-Կապան ճանապարհի հատվածների փակումը, մաքսակետեր տեղադրելը, դրան հետեւցին սահմանային լարումները։ Ադրբեջանը փորձում է խաղաղության կամ կայունության այն գործընթացը, որն ընթանում էր, ամբողջովին ապակայունացնել, տարածաշրջանում ստեղծել անկայուն իրավիճակ», նշել է Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարի փոխանցմամբ, Ադրբեջանը ոչ միայն փորձում է հետաձգել դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթացը, այլև խափանել ողջ գործընթացը, որովհետեւ ապաշրջափակման ու սահմանագծման, սահմանազատման գործընթացին Հայաաստանը ամբողջովին պատրաստ էր․

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք սկսել այդ գործընթացը Խորհրդային Միության ժամանակաշրջանից գոյություն ունեցող իրավական փաստաթղթերի հիման վրա։ Այս առումով բազմիցս և բարձր, և բարձրագույն մակարդակում ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են անցնել այս գործընթացը, բայց Ադրբեջանը պարբերաբար տորպեդահարել է, և այսօր էլ, գտնվելով ՀՀ սուվերեն տարածքում, խախտում է այն միջավայրը ստեղծելու հնարավորությունը, որով հնարավոր է սահմանազատում եւ սահմանագծում իրականացնել», -նշել է նա։