Ապատեղեկատվությունն ու ցայտնոտը մարտական գործողությունների ժամանակ. FIP.am

Ադրբեջանական զինված ուժերի՝ Հայաստանի սուվերեն տարածում նոյեմբերի 16-ին սկսած ռազմական գործողություններից հետո սոցցանցերի հայկական և ադրբեջանական տիրույթներում տարածվեցին մի շարք կեղծ տեղեկություններ:

«Փաստերի ստուգման հարթակը» ի մի է բերել ամենամեծ տարածում ունեցող մանիպուլյատիվ և կեղծ լուրերը:

Խոցված կայանի լուրը կեղծ էր

Հոկտեմբերի 16-ին սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տեղեկություն տարածվեց այն մասին, որ ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացնել է ադրբեջանական Պ-18 ռադիոտեղորոշման կայանը։ Տարածվող լուրին կցվում էր նաև խոցված կայանի լուսանկարը։

Նյութի իրական սկզբնաղբյուրը ռուսական Avia.pro կայքն է, որը առաջին անգամ չէ, որ հանդիսանում է կեղծ տեղեկությունների սկզբնաղբյուր։ Արդեն այս կայքին հղում տալով՝ լուրը տարածել էին նաև այլ ռուսական լրատվական կայքեր՝ infosmi.net-ը, discover24.ru-ն, news.myseldon.com-ը և այլն:

Սակայն նկարում պատկերված ոչնչացված ռադիոտեղորոշման կայանն իրականում հայկական է և խոցվել էր դեռևս 2020 թ․ հոկտեմբերի 29-ին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Նոյեմբերի 9-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել էր ԱԹՍ-ի միջոցով կայանի խոցման տեսանյութը:https://www.youtube.com/embed/Sn90NyhtH7U?feature=oembed

Խոցված հայկական կայանի լուսանկարը երևում է նաև ադրբեջանական Tik-Tok ալիքներից մեկում՝ դեռևս 2021 թ․ հունվարի 2-ին հրապարակված տեսանյութում (7-րդ վայրկյան)։ 

Բացի այդ, 2021 թվականի նոյեմբերի 17-ին Հայաստանի պաշտպանության նախարարության հրապարակած հաղորդագրությունում նշված է միայն 4 հատ БТР զրահափոխադրիչի, 1 Sandcat տիպի զրահամեքենայի, ինչպես նաև 5 ավտոմոբիլային միջոցների մասին։ Եթե իրոք խոցվեր հակառակորդի՝ նման թանկարժեք և կարևորություն ունեցող ՌՏ կայան, ապա ՊՆ-ն, անկասկած, կհայտներ այդ մասին։

Ադրբեջանական գերու տեսանյութը հին է

Արդեն հոկտեմբերի 17-ին հայկական սոցցանցերում և սունկ կայքերում հայտնվեց մեկ այլ տեղեկություն այն մասին, որ հայկական կողմը գերեվարել է ադրբեջանական զինծառայողի։

Տարածվող լուրը, սակայն, հին է։ Տարածվող լուսանկարում երևացող ադրբեջանցի զինվորը Անար Գիդայաթ օղլու Ալիևն է, որը գերեվարվել էր դեռևս 44-օրյա պատերազմի ժամանակ և փոխանցվել ադրբեջանական կողմին դեկտեմբերի 14-ին՝ ևս 13 այլ ադրբեջանական զինծառայողների հետ։

Ադրբեջանական 26 զոհի և 17 վիրավորների լուրը անվստահելի է

Հոկտեմբերի 17-ին մի շարք հայկական լրատվականներ, հղում անելով ադրբեջանական աղբյուրներին, գրեցին այն մասին, որ ադրբեջանական կողմն ունի 26 զոհ և 17 վիրավոր։

Որպես աղբյուր վերցվել էր tiktok_azerbaycannn տիկտոկյան ալիքում երեկ հրապարակված կարճ տեսանյութը, որում օգտագործվում էր Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության պետի տեղակալ, փոխգնդապետ Անար Էյվազովի ճեպազրույցից մի հատված։ Սակայն ո՛չ Tik-Tok-ում բեռնված կարճ հատվածում, ոչ էլ ամբողջական տեսանյութում Էյվազովը չի հայտնում զոհված և վիրավորված զինծառայողների մասին քանակական տվյալներ և միայն փոխանցում, որ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում ու նրանց համապատասխան բժշկական օգնություն է տրամադրվել։

Հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակեց տվյալներ հոկտեմբերի 16-ի մարտական գործողություններում զոհված և վիրավոր զինվորների մասին։ Այսպես, ըստ ադրբեջանական ՊՆ-ի, զոհվել են 7 և վիրավորվել 10 ադրբեջանցի զինծառայողներ։

Ի հակառակ սրա, Հայաստանի ՊՆ-ն նոյեմբերի 17-ի հաղորդագրությունում հայտնել է ընդհանուր մինչև 70 զոհված և վիրավոր ադրբեջանցի զինծառայողների մասին։ 

UCOM-ը չէր հորդորել անջատել էլեկտրոնային SIM-քարտերը

Հոկտեմբերի 16-ին Ucom բջջային օպերատորը հայտարարություն էր տարածել, որում հայտնել էր, որ թշնամին փորձում է խուճապ տարածել՝ հորդորելով փոխանցել «հույժ կարևոր» լուրեր, անջատել բջջային SIM-քարտերը և այլն։

Armtimes.com-ը սխալ էր հասկացել և խեղաթյուրել էր օպերատորի հայտարարությունը՝ ներկայացնելով ճիշտ հակառակը, ինչն էլ նկատել էին media.am-ի փաստեր ստուգող լրագրողները։ Որոշ ժամանակ անց հրապարակումը հեռացվեց armtimes.com-ի ֆեյսբուքյան էջից։

Էկրանակադրը media.am-ի հոդվածից։

Այսպիսով, նոյեմբերի 16-ին Հայաստանի տարածքում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին զուգահեռ տարածվում էին բազմաթիվ կեղծ լուրեր, որոնք, թերևս, հետևանք էին հիմնականում չստուգված աղբյուրներին հղում տալու և ցայտնոտի:

Փաստերի ստուգման հարթակ