Freedom House-ը կոչ է անում միջազգային կազմակերպություններին՝ մեխանիզմներ կիրառել հետագա էսկալացիաները կանխելու համար. Ազատություն

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված ռազմական գործողություններով», որոնց արդյունքում երկու կողմից էլ զինվորականներ են զոհվել և վիրավորվել, գրում է «Ազատությունը»։

«Կալանավորված զինվորականների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին հաղորդումները պետք է հետաքննվեն, և տրամադրվեն նրանց հայրենադարձության մանրամասները», – ասված է կազմակերպության հայտարարությունում, որ տեղադրված է թվիթերյան էջում։

Կազմակերպությունը կոչ է արել շահագրգիռ կողմերին, ԵԱՀԿ-ին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ կիրառել խաղաղության ամրապնդմանն ուղղված մարդակենտրոն մեխանիզմներ՝ տարածաշրջանում երկարատև կայունություն ապահովելու համար, ներառյալ՝ այնպիսի մեխանիզմներ, որոնք կկանխեն հետագա էսկալացիաները և կապահովեն թափանցիկություն ռազմական գործողություններում:

Freedom House-ը նաև կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին՝ թափանցիկ հետաքննություն իրականացնել քաղաքացիական անձանց և կալանավորված զինվորականների մարդու իրավունքների խախտումների ցանկացած մեղադրանքների վերաբերյալ։